Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է կառավարության հունիսի 4-ին ընդունած N 876-Ն որոշումը՝ ծննդի, պերինատալ մահվան և մահվան մասին բժշկական վկայականների պատրաստման, հաշվառման ու տրամադրման կարգը հաստատելու վերաբերյալ։
Որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 8-ին։
Կարգում նոր երկու՝ 20.2 և 21․1 կետերն են ավելացել, որոնք են․
20.2. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականը բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգի միջոցով պատրաստվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` կազմակերպություն) կողմից:
21.1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականների հաշվառումն իրականացվում է ինքնաշխատ եղանակով բժշկական վկայականների միասնական էլեկտրոնային համակարգում` կազմակերպության կողմից:
Կարգի 24.3-րդ և 26-րդ կետերը լրացվել են «կամ կազմակերպության» բառերով, ըստ այդմ․
24.3. Բժշկական հաստատության կամ կազմակերպության կողմից մահվան մասին բժշկական վկայականը թղթային կրիչով տրամադրվում է մահացածի ազգականին (ամուսին, ծնող, երեխա, թոռ, պապ, տատ, հարազատ եղբայր և քույր)` անձը հաստատող փաստաթուղթ ներկայացվելու դեպքում` դիմումը ներկայացվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
26. Բժշկական հաստատության կամ կազմակերպության կողմից կրկնօրինակ ստանալու մասին դիմումը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրամադրվում է ծննդի կամ պերինատալ մահվան, կամ մահվան մասին բժշկական վկայականի կրկնօրինակ, որի վերին աջ անկյունում նշվում է «Կրկնօրինակ» բառը:
Այս գործողությունը տարածվում են 2020 թվականի մարտի 26-ից ծագած իրավահարաբերությունների վրա: