Բանկեր և փոստային մասնաճյուղեր․ ԱԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերն ու կասեցումները

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերջին օրերին անվտանգության կանոնների զգալի խախտումներ է արձանագրել հանրային սպասարկում իրականացնող մի շարք կառույցներում, մասնավորապես, բանկեր և «Հայփոստի» մասնաճյուղեր։ Դրանցում իրականացված ստուգայցերի որոշ մասի համար հիմք են ծառայել ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում տեղ գտած որոշ լուսանկարներ՝ հնարավոր խախտումների վերաբերյալ։

ՀՀ ՊԵԿ Արարատյան մաքսատան առաջին հարկում գործող 3 բանկերի մասնաճյուղերի կասեցման ընթացքում արձանագրվել է, որ նախորդիվ այստեղ դիտարկված խախտումների մի մասը, մասնավորապես, գծանշումների բացակայության և փոքր տարածքում միաժամանակ մի քանի աշխատող ունենալու հետ կապված, վերացված չի եղել։ Դրանց վերացմանը համապատասխան աշխատակիցները ձեռնամուխ են եղել անմիջապես կասեցման պահին՝ ԱԱՏՄ մասնագետների ներկայությամբ։

Բանկերի մասնաճյուղերի կասեցումներ են եղել նաև մարզերում, մասնավորապես, նաև Գյումրի քաղաքում։ ԱԱՏՄ կողմից տնտեսավարողների գործունեության ժամանակավոր կասեցմանը նախորդում են իրազեկման և մշտադիտարկման աշխատանքներ։ Լայնածավալ անակնկալ ստուգայցեր են տարվում ողջ հանրապետությունում՝ ուշադրության կենտրոնում պահելով առևտրի օբյեկտները, արտադրությունները, գեղեցկության սրահները, ստոմատոլոգիական կենտրոնները և ԱԱՏՄ վերահսկողության դաշտում գտնվող այլ ոլորտների տնտեսավարողները։ Վերջինների կողմից անվտանգության նորմերի չպահպանման վերաբերյալ թեժ գծով ստացված ահազանգերի հիմքով եւս եղել են հարյուրավոր կասեցումներ։

ԱԱՏՄ-ն կրկին հորդորում է խստորեն պահպանել ՀՀ պարետի սահմանած անվտանգության նորմերը, քանի որ դրանով է պայմանավորված կորոնավիրուսի հետագա տարածման կանխումը։ Խախտումերի համար սահմանված են վարչական պատասխանատվության միջոցներ, կրկնախախտման համար՝ առավել լուրջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել