ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը պատասխանել է ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանի՝ ԵՊԲՀ ներկայացուցիչների վերաբերյալ գրառմանը՝ հորդորելով կոռեկտ և զուսպ լինել:
«Տիկին Նիկողոսյան պահանջում և խնդրում եմ, երբևէ ԵՊԲՀ ներկայացուցիչների մասին խոսելիս լինեք կոռեկտ, զուսպ ու հարգալից՝ դա առաջինը։ Երկրորդը թե ինչ է արել և անում այս օրերին ԵՊԲՀ-ն, կարծում եմ գնահատական տալու ժամանակը կգա և այդ գնահատականը կտան պատկան կառույցները։ Եվ առհասարակ չեմ կարծում կոռեկտ է, երբ նախարարության խոսնակը գնահատական է տալիս որևէ կառույցի հատկապես ԵՊԲՀ-ի գործունեությանը, այդ գնահատականը տալու համար, հավատացեք բավականին երկար ճանապարհ պետք է անցնեք․․․ Առողջ եղեք ու թերևս խոհեմ ու զուսպ Ձեր գրառումներում․․․
Հ․Գ․ իսկ Վահան Արծրունու նման տաղանդաշատ անձի մասին խոսելիս պետք է, իրոք շատ մտածեք ու երկար մտածեք․․․»,- ԱՆ խոսնակի գրառման մեկնաբանություններում գրել է Դանիելյանը:
Հիշեցնենք, որ Ալինա Նիկողոսյանը մասնավորապես անդրադարձել էր ավելի վաղ երգիչ, երգահան, ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահան Արծրունու այն հայտարարությանը, ըստ որի՝ մարտ ամսից ԵՊԲՀ 1-ին կլինիկական հիվանդանոցի հատուկ covid-բաժանմունքը, որը կարող էր ընդունել վարակակիրների, դատարկ է եղել և չի գործածվել անհայտ պատճառներով: Նիկողոսյանը գրել էր. «Առաջին անգամը չէ, որ մենք ականատես ենք լինում Երևանի պետական բժշկական համալսարանի ներկայացուցիչների նման պահվածքին, մասնավորապես ՈՏՔ ԳՑԵԼՈՒՆ (подножка)՝ նախարարության ներկայացուցիչների և ԵՊԲՀ-ի միջև պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո»: