Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրառոում է կատարել, որում ասվում է․
«Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում
Իսկապես, համավարակով պայմանավորված իրավիճակը կարելի է նմանեցնել պատերազմականին, ու այսպիսի իրավիճակում ներքաղաքական` իրականում անձնական ու խմբակային շահերի համար մղվող պայքարը դավաճանություն է: Այդպես էլ պետք է լիներ վաղ, թե ուշ:
2018 թվականի ապրիլ-մայիսից հետո երկրում ձևավորված ու զարգացող ժողովրդավարության, օրինականության ու պետականաշինության մթնոլորտում նրանք չեն կարող իրենց լավ զգալ, իսկ երկարաժամկետում չեն կարող քաղաքական գոյություն ունենալ:
Նրանց գաղափարաբանական էությունն է հակասում այդ ամենին: Եվ նրանց համար, իսկապես, բարդ ու նույնիսկ անհնար է հարմարվել իրավիճակին, երբ …
– ավազակապետական համակարգը փոխարինվել է օրինական, լեգիտիմ` ժողովրդի քվեով ձևավորված իշխանությամբ
– տարբեր հասցեներում իրար հետ պայմանավորվելու, իրար մեջ փայեր կիսելու փոխարեն պայմանավորվելու միայն մեկ սուբյեկտ կա` ժողովուրդը … ու կիսել չկա, փայեր չկան
– բամփելու ու բամփվելու խաղի կանոնները փոխարինվել են օրենքի առաջ հավասարությամբ
– ուժեղ լինելը արդեն սեփական կենդանաբանական այգիդ չէ, վանդակներում փակված առյուծները ու թիկնազորդ չեն, այլ ժողովրդիդ սերը ու փոխադարձ հարգանքը:
Տուկի թելով քաղաքական հետագիծ չեն թողնում: Թողածդ էլ տուկի թելի կյանք է ունենում
Դիմադրելը անիմաստ է. օրենքի առաջ բոլորը պատասխան են տալու ամեն ինչի համար: Թալանված, գողացված ամեն դրամը վերադարձվելու է:
Ամեն ինչ լավ է լինելու»