Մայիսի 21-ին ուժի մեջ է մտել «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։
Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ օրենքի 15-րդ հոդվածով սահմանվում են երեխայի իրավունքները նախադպրոցական կրթության ոլորտում։
1. Հայաստանի Հանրապետությունում նախադպրոցական տարիքի յուրաքանչյուր երեխա ունի որակյալ նախադպրոցական կրթություն ստանալու իրավունք:
2. Ծնողների (օրինական ներկայացուցիչների) ընտրությամբ երեխան կարող է նախադպրոցական կրթություն ստանալ նախադպրոցական կրթական ծրագիր և ծառայություններ առաջարկող (այդ թվում` այլընտրանքային, հեղինակային, միջազգային և փորձարարական)`
- պետական և համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություններում.
- նախադպրոցական կրթության այլընտրանքային ծախսարդյունավետ մոդելներ առաջարկող կազմակերպություններում.
- ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններում և այլ կազմակերպություններում` խնամքի, զարգացման, դաստիարակության և ուսուցման անվտանգ և առողջության համար անվնաս պայմանների և համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում:
3. Նախադպրոցական կրթության ոլորտում երեխան իրավունք ունի`
- մտավոր և հոգեկան զարգացմանը վնասող ցանկացած տիպի տեղեկատվությունից և քարոզչությունից պաշտպանվածության.
- բժշկական օգնության և սպասարկման.
- առողջությանը վնասող ցանկացած տիպի շահագործումից, բռնությունից և ազդեցությունից, ֆիզիկական և հոգեբանական ճնշումից, արժանապատվության նվաստացումից պաշտպանվածության.
- զարգանալու և սովորելու երեխայակենտրոն, ներառական և անվտանգ միջավայրում, որտեղ հաշվի կառնվեն յուրաքանչյուր երեխայի մտավոր, հոգևոր, ֆիզիկական և հոգեկան զարգացման առանձնահատկությունները.
- կարծիք արտահայտելու և մասնակցելու իրեն վերաբերող որոշումների կայացմանը` իր տարիքի և զարգացման առանձնահատկություններին համապատասխան: