Նախնական հաշվարկներով շուրջ 400 մլն դոլարի շինարարական աշխատանքներ չեն կատարվում․ քննարկում՝ շինթույլտվությունների ոլորտում բացերի վերաբերյալ

Կառուցապատողների մոտ առաջացած խնդիրների վերաբերյալ այսօր՝ մայիսի 22-ին, քննարկում էր կազմակերպվել Կառուցապատողների հայկական ասոցիացիայի կողմից։ Այս նախաձեռնության նպատակը պատկան մարմինների ուշադրությունը կառուցապատողների խնդիրներից մեկի վրա կենտրոնացնելն է, որի լուծումը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ: Օրենսդրական փոփոխությունը վերաբերվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասին:

Խնդիրը նրանում է, որ քաղաքաշինական փաստաթղթերի, մասնավորապես՝ շինարարական թույլտվությունների դատական կարգով վիճարկման դեպքում հայցադիմումը Վարչական դատարանի կողմից վարույթ ընդունելու պահից շինարարության թույլտվությունը համարվում է կասեցված վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասի ուժով։ Այդ հիմքով շինարակական աշխատանքները արգելվում են և կառուցապատողը ստիպված է այդ աշխատանքները դադարեցնել, մինչև դատարանի կողմից վեճի վերջնական քննությունը։

Քննարկմանը մասնակցում էր նաև Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը։ Նրա խոսքով՝ բոլոր խնդիրների հիմնաքարը պետք է լինի նախագծային փաթեթը՝ պետական մաքսիմալ գրագետ էքսպերտիզայի եզրակացությամբ։

«Հարկավոր է ժամ առաջ այս օրենսդրական փոփոխությունները կատարել, շինարարությունը պետք է սկսվեր մայիսին ու շարունակվեր հունիս, հուլիս, օգոստոսին, սեպտեմբերին՝ օրինագծի հաստատման պարագայում շինարարության վերսկսումն անարդյունավետ է, առջևում ձմեռ է»,-ասաց իրավաբան Արմեն Հարությունյանը:

ՀԿ-ն այնուհետև հայտարարություն է տարածել․ «Հաշվի առնելով այսօրվա հանդիպում-քննարկման արդյունավետությունը, օրակարգի հարցերի վերաբերյալ ներկաների հետաքրքրության բարձր ցուցանիշը, առաջադրված հարցերի կարևորությունը, ինչպես նաև փոխադարձ համագործակցության և գործընկերության կարևորությունը, մոտեցումների միասնականացումը առկա և հետագա խնդիրների վերաբերյալ՝ «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարում է.

Եկամտային հարկի ետ վերադարձի ենթադրվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ պաշտոնական և ոչ պաշտոնական շրջանակներում հաճախակի պարբերականությամբ սկսել են շրջանառվել լուրեր, ինչը՝ առանց այն էլ այս բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակում իր բացասական հետևանքն է թողնում ոլորտի վրա։

Օրենսդիր և/կամ գործադիր իշխանության մարմինների կողմից չկա որևէ պաշտոնական պարզաբանում և/կամ հայտարարություն նշված ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունների և/կամ սույն ոլորտի վերաբերյալ պետության կողմից նախատեսվող քաղաքականության մասին:

Ոչ պաշտոնական լուրերի համաձայն՝ նախատեսվում է կամ կասեցնել սույն իրավակարգավորման գործողությունը կամ մտցնել սահմանափակումներ կամ սույն իրավակարգավորումը իսպառ հանել գործողությունից, քանի որ դրանք ձեռնտու չեն պետությանը, մինչդեռ ասոցիաիցիայի կողմից կատարված վերլուծությունները և հաշվարկները հիմնավորում են լիովին հակառակը, և դեռ ավելին՝ անհարժեշտ է այդ կարգավորումները պահպանել և կատարելագործել:

Հաշվի առնելով ոչ պաշտոնական լուրերի առկայությունը, ինչպես նաև այդ լուրերի համատեքստում կառուցապատողների մոտ առաջացած մտավախությունը՝ ակնկալում ենք առնվազն պաշտոնական հայտարարություն օրենսդիր և/կամ գործադիր իշխանության մարմիններից՝ նշված ոչ պաշտոնական տեղեկատվության արժանահավատության և/կամ անարժանահավատության վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, առաջարկում ենք սույն ոլորտի վերաբերյալ պետության կողմից ոլորտային քաղաքականության, մոտեցումների, պատկերացումների փոփոխության, նոր գաղափարների կյանքի կոչման պարագայում, առնվազն, մինչև դրանց կյանքի կոչելը, քննարկում ապահովել «Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և շահագրգիռ այլ սուբյեկտների մասնակցությամբ: Հնարավորություն ընձեռնել բոլորին մասնակից դառնալ քննարկումներին և ներկայացնել մեր մտահոգությունները, խնդիրները լուծելու վերաբերյալ մեր առաջարկները, բարձրաձայնելու մեր դիրքորոշումը, ներկայացնելու մեր կողմից առաջ քաշված տարբերակները:

Կառուցապատողների հայկական Ասոցիացիան տևական ժամանակ է ինչ նախաձեռնվել է շինարարության կասեցման հետ կապված օրենսդրական փոփոխությունների գործընթաց: Դեռևս կասեցված են մնում ավելի քան 50 օբյեկտների շինարարական աշխատանքները, նախնական հաշվարկներով շուրջ 400 մլն դոլարի շինարարական աշխատանքներ չեն կատարվում, մինչդեռ շինարարական աշխատանքների սեզոնային սկիզբն արդեն տրված է: Կասեցված շինարարությունները բացասական են ազդում ինչպես կառուցապատողների վրա, այնպես երկրի տնտեսության վրա, իսկ խնդիրը առավել հրատապ է դառնում կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի նախաշեմին: Հաշվի առնելով այս հարցի կենսական նշանակությունը կառուցապատման ոլորտում և տնտեսությունում՝ գործադիր իշխանությանը խնդրում ենք նշված օրենքի նախագիծը համարել անհետաձգելի և օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով՝ հնարավորինս արագ և արդյունավետ կազմակերպել նշված օրենքի նախագծի ընդունումը օրենսդիր իշխանության կողմից:

«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն հայտնում է իր պատրաստակամությունը և պատրաստականությունը՝ կառուցապատման ոլորտում պետությանը ցուցաբերել աջակցություն, որը կարող է դրսևորվել ինչպես օրենսդրական նախաձեռնությունների տեսքով, այնպես էլ գաղափարների ու մտահոգությունների վերհանման և միասնական ջանքերով դրանց լուծման ուղղությամբ:

Այս ամենով պայմանավորված՝ ակնկալում ենք պետության փոխադարձ գործընկերային ձեռքսեղմումը մեր կողմից առաջ քաշվածի վերաբերյալ, ակնկալում ենք համապատասխան արձագանք՝ գործընկերային հարաբերությունների ձևավորում, որում պարտվող կողմ չկա, թե՛ գործարարը և թե՛ պետությունը կլինեն հաղթող և միասնական ջանքերով առճակատված խնդիրների լուծման ուղիները գտնելը շատ ավելի արդյունավետ կլինի, քան անհատական մոտեցումը հարցերի, գաղափարների և խնդիրների վերաբերյալ»,-նշված է ՀԿ-ի հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել