Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են Անվտանգության խորհրդի քարտուղարը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ուժային կառույցների ու Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ղեկավարները:
Այս մասին տեղեկացնում են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Մեր կառավարության ծրագրում արձանագրված է, և դա մեր քաղաքական կարևոր տեսլականներից է, որ Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համալիրը պետք է լինի մեր տնտեսության քարշակող ուժերից մեկը, ավելի ճիշտ՝ առաջատար ոոլորտներից մեկը: Այդ պատճառով նաև մենք կառավարության կառուցվածքում որոշակի փոփոխություններ ենք իրականացրել՝ ռազմարդյունաբերական համալիրը տեղափոխելով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության համակարգ:
Եվ շատ կարևոր է արձանագրել, այս ընթացքում ինքս էլ անձամբ համոզվել եմ, որ այս խնդրի լուծման համար մտավոր և գիտական, մասնագիտական ներուժ Հայաստանի Հանրապետությունում կա: Եվ հիմա այդ ներուժի իրացման համար երկու կարևոր կոմպոնենտ մենք պետք է կարողանանք պատշաճ մակարդակով ապահովել: Առաջինը կամ թվարկման հերթականությունը գուցե պատեհ չէ այստեղ, որովհետև, ըստ էության, զուգահեռ պետք է տեղի ունենան այդ երկուսը. խոսքը արտադրական հզորությունների և արտահանման ենթակառուցվածքների ձևավորման մասին է:
Իհարկե, սա երկարաժամկետ և ռազմավարական քննարկման խնդիր է: Այս փուլում մեզ համար կարևոր է, որ կարողանանք մեր ներքին ռազմական կարիքների պետական պատվերի ձևավորման և տեղադրման ընթացքում ճիշտ և արդյունավետ որոշումների գանք, որպեսզի միևնույն ժամանակ լուծենք երկու խնդիր. նախ՝ առաջինը խթանենք ռազմարդյունաբերական համալիրը, ռազմական արդյունաբերության զարգացումը Հայաստանում և մյուս կողմից՝ պատշաճ կերպով կարողանանք ապահովել անվտանգության մեր ընթացիկ խնդիրները»,- նշել է վարչապետը:
Այնուհետև խորհրդակցության ընթացքում վարչապետին զեկուցվել են վերջին մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, որոնք միտված են եղել աշխատանքային որոշակի համակարգեր և մեխանիզմներ ստեղծելուն, առաջացած խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները: