24-ամյա երիտասարդը կոտրել էր բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակում գտնվող ճամպրուկից գողացել մոտ 150 գ կշռով ոսկյա շղթա՝ խաչով

Մայիսի 10-ին, ժամը 23-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնում Թալին քաղաքի Տերյան փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ կոտրել են բնակարանի մուտքի դուռը և ննջասենյակում գտնվող ճամպրուկից գողացել մոտ 150 գ կշռով ոսկյա շղթա՝ խաչով:

Տերյան փողոց մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությունից անմիջապես հետո որոնողական աշխատանք սկսեց:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի և ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Երևանի Բաբաջանյան փողոցի 24-ամյա մի բնակիչ:

Մայիսի 11-ին կասկածվողը մայրաքաղաքից բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին և ձերբակալվեց:

Մայիսի 12-ին Երևանի Բաբաջանյան փողոցում վարձակալած նրա բնակարանում կատարված խուզարկությամբ իրավապահները գողոնի մի մասը հայտնաբերեցին, մյուս մասը երիտասարդն ինքը ներկայացրեց իրավապահներին:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել