Ազգային ժողովը մայիսի 6-ին ընդունեց «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը:
Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ օրենքի 19-րդ հոդվածով սահմանվում են նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը, նրա իրավասություններն ու պարտականությունները, որի համաձայն․
1. Նախադպրոցական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը՝ տնօրենը, ով նշանակվում (ընտրվում) եւ ազատվում է (նրա լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ եւ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մանկավարժական կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) եւ վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական կամ հանրային ծառայության ոլորտի հինգ տարվա ընդհանուր աշխատանքային փորձ:
3. Տնօրենի պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, ով՝
- 1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- 2) դատական կարգով զրկվել է մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
- 3) ունի այնպիսի հիվանդություն, որը կարող է խոչընդոտել մանկավարժական գործունեության կատարմանը.
- 4) դատապարտվել է հանցագործության համար, եւ դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է անզգուշությամբ հանցագործություն կատարելու համար:
4. Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի իրավասություններն ու պարտականությունները սահմանվում են նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությամբ:
Օրենքն ուժի մեջ է մտնում մայիսի 21-ից։