«Արաբկիր» ԲՀ-ի բուժաշխատողների թեստերը տվել են բացասական պատասխան

«Արաբկիր» բժշկական համալիրը տեղեկացնում է, որ որպես COVID-սպասարկող բուժհաստատություն` չունի բուժաշխատողների վարակման դեպքեր, բոլորի թեստերը տվել են բացասական պատասխան և «Արաբկիը» վերադառնում է պլանային գործողությունների ռեժիմին` խստորեն պահպանելով հակահամաճարակային կանոնները:

Այս մասին տեղեկացնում են «Արաբկիր» բժշկական համալիրից։

Առողջապահության նախարարության ծրագրով՝ COVID-19-ով վարակված երեխաների բարդացած, ինչպես նաև տարբեր հիվանդություններով զուգակցված դեպքերի բժշկական օգնությունը ստանձնել է «Արաբկիր» բժշկական համալիրը:

Աշխատանքը կազմակերպելու համար համալիրը բաժանվել է երեք մասի.Առաջինը COVID-վարակված պացիենտներին սպասարկող մասն է, որտեղ 1 ամիս անընդմեջ աշխատել են բուժաշխատողները` երկու հերթափոխով, իզոլացված պայմաններում:

Երկրորդ մասը COVID-կասկածելի եւ կոնտակտավոր պացիենտների ժամանակավոր մեկուսացման բաժանմունքն է, որտեղ իրականացվում է COVID-թեստավորում: Այս բաժնում նույնպես բուժաշխատողների մի մասը գտնվում էր մեկուսացված պայմաններում։

Երրորդ մասում բժշկական օգնություն են ստանում այն պացիենտները, որոնց COVID-թեստը տվել է բացասական պատասխան կամ նրանք ի սկզբանե չեն համարվել COVID-կասկածելի:

Մտավախությունը, թե COVID-կասկածելի, կոնտակտավոր եւ հաստատված պացիենտների հետ աշխատողները վաղ թե ուշ վարակվում են կորոնավիրուսով, փարատվել է` շնորհիվ «Արաբկիր» ԲՀ-ի թիմի անթերի աշխատանքի: COVID-19-ը սպասարկող մեր բոլոր բուժաշխատողները ենթարկվել են թեստավորման և ստացել բացասական պատասխան:

«Իզոլացված թոքաբանական /COVID/» և «Ժամանակավոր մեկուսացման» բաժանմունքներում աշխատանքը կազմակերպվել է հատուկ պաշտպանիչ համազգեստով և անհատական պաշտպանության մյուս միջոցներով: Նախքան այս բաժիններ աշխատանքի մտնելը բուժաշխատողները հատուկ դասընթաց են անցել. բժշկական համալիրի համաճարակաբանը նրանց սովորեցրել է աշխատանքի անվտանգության և կանխարգելիչ վարքագծի կանոնները:

COVID-19-ի նկատմամբ այս լոկալ հաղթանակը թույլ է տվել «Արաբկիր» ԲՀ-ին վերանայել աշխատանքի կազմակերպումը:

Հատուկ բաժանմունքներում հերթապահությամբ աշխատող բուժքույրերն ու սանիտարներն այսուհետ կկարողանան դուրս գալ բաժանմունքից և գիշերել տանը, իսկ բժիշկները COVID-պացիենտների առավոտյան համայցից հետո կշարունակեն իրենց աշխատանքը բժշկական համալիրում՝ սովորական ռեժիմով:

Արտակարգ իրավիճակում բժշկական օգնության կազմակերպումը մեծ ծախսեր է պահանջում, բայց ոչինչ չի կարող լինել ավելի թանկ, քան պացիենտների և բուժանձնակազմի առողջությունը: COVID-ը կարելի է հաղթել միայն պրոֆեսիոնալիզմով և կարգապահությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել