Մամուլի ազատության համատեքստում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը. Ռուստամ Բադասյան

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, շնորհավորելով մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ։

«Մամուլի ազատության համատեքստում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանը 80-րդն էր:

Սա Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ցուցիչն ու արձանագրումն է: Վերջերս Հայաստանի կառավարության կողմից մամուլի կարևորությունն ընդգծող հերթական քայլը կատարվեց և լրատվական գործունեություն իրականացնողների համար Պետռեգիստրի տվյալները դարձան հասանելի՝ անվճար հիմունքով: Այս բարեփոխումը նախաձեռնեցինք այն համոզումով, որ կամրապնդենք հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստենք լրատվամիջոցների կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն:

Այս նպատակին ուղղված մեր բարեփոխումները շարունակական են լինելու: Միաժամանակ, չենք կարող չնկատել ոլորտում առկա խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են նաև մասնագիտացված միջազգային կազմակերպությունները:

Լուրջ անելիքներ ունենք ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ: Վստահ եմ, սա ևս համատեղ ուժերով կհաղթահարենք և էլ ավելի կբարելավենք մամուլի ազատության վիճակը:

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ,

Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և շնորհակալ եմ բարեխիղճ լրագրողներին պրոֆեսիոնալիզմի ու կատարած անգնահատելի աշխատանքի համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել