Դատախազություն ներկայացված՝ ՀՀ ՊՎԾ կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքների հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ լայնածավալ ուսումնասիրություն է իրականացվում հանրապետության 8 մարզերի համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք ենթավարձակալությամբ տրամադրելու (այդ թվում նաև հեռահաղորդակցության կապի օպերատորներին) ոլորտում: Մարզերի դատախազությունների կողմից սկսված ակտիվ, ծավալուն ուսումնասիրությունների համատեքստում բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրված՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությունների արդյունքում արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր, սկսվել են համայնքներին կամ պետությանը պատճառված վնասների վերականգնման, օրենսդրության պահանջների խախտմամբ կնքված ենթավարձակալության պայմանագրերի լուծման և անմիջապես համայնքների կողմից վարձակալության նոր պայմանագրերի կնքման գործընթացներ: Այս մասին հայտնում են դատախազությունից։
Մասնավորապես՝ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սյունիքի մարզի Դարբաս համայնքի նախկին ղեկավար Ռ. Խ.-ն 2006թ. դեկտեմբերի 7-ին 25 տարի ժամկետով, տարեկան 6.000 դրամ վարձավճարով Դարբաս համայնքի հետ կնքել է գյուղատնտեսական նշանակության արոտավայր հանդիսացող 2հա մակերեսով հողատարածքի վարձակալության պայմանագիր: Այնուհետև, առանց հողակտորի նպատակային նշանակությունը փոխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, 2006թ. դեկտեմբերի 20-ին նա հեռահաղորդակցության կապի օպերատորներից մեկի հետ կնքել է նշված հողամասից 300մ2 մակերեսով հողատարածքն ամսական 40.000 դրամ վարձավճարով 10 տարի ժամկետով հատկացնելու վերաբերյալ ենթավարձակալության պայմանագիր: Վերջինիս կնքումից հետո ենթավարձակալի կողմից տեղադրվել է կապի ենթակառուցվածքի օբյեկտ հանդիսացող ալեհավաք կայան և մինչ օրս վճարվել շուրջ 6.360.000 ՀՀ դրամ։ Այդ ողջ ընթացքում համայնքի ղեկավարի կողմից միջոցներ չեն ձեռնարկվել ապօրինի հողօգտագործումը կասեցնելու և վերացնելու ուղղությամբ:
Այսինքն համայնքի նախկին ղեկավարի կողմից վերը նշված լիազորությունները չկատարելու պատճառով առաջացրել են ծանր հետևանքներ՝ համայնքին չի վճարվել ընդհանուր 6.282.000 ՀՀ դրամ։
Դեպքի առթիվ Սյունիքի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Դարբաս համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է, վերջինիս կողմից ամբողջությամբ հատուցվել է պատճառված վնասը։ Նկատի ունենալով վերջինս, ինչպես նաև այն, որ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, որոշում է կայացվել Ա. Ա.-ին ազատել ձերբակալումից, նախաքննությունը շարունակվում է:
Մեկ այլ դեպքում ՀՀ Լոռու մարզի դատախազության հանձնարարությամբ նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գուգարք համայնքի ղեկավար Ա.Ա.-ն, համայնքի ավագանու համաձայնությամբ, ի պաշտոնե տեղեկացված լինելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի տարածքում հեռահաղորդակցության օպերատորի կողմից ալեհավաք կայան տեղադրելու, շահագործելու մտադրության և դրա դիմաց բարձր վարձավճար վճարելու պատրաստակամության մասին, նպատակ ունենալով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ակնկալվող բարձր վարձավճարների մուտքագրումն ուղղել ոչ թե համայնքային բյուջե, այլ՝ իր ընտանիքի բարեկեցության բարելավմանը, ստեղծել է մրցույթային հանձնաժողով, որը գլխավորելով, կազմակերպել և անց է կացրել համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Արդյունքում հաղթող է ճանաչվել նրա կինը, ում հետ 2007թ. հունիսի 1-ին կնքել է հողամասի վարձակալության պայմանագիր, որով համայնքային սեփականություն հանդիսացող 0,12 հա մակերեսով հողամասը կառուցապատման իրավունքով 50 տարի ժամկետով և տարեկան 2․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց վարձակալության է տրամադրել վերջինիս։ Ապա համայնքի ղեկավարը կարճ ժամանակ անց՝ 2007թ. հուլիսի 20-ին, կնոջ միջոցով նույն հողամասի 0,02 հա մակերեսով հատվածը տարեկան 1․020․000 ՀՀ դրամ վարձավճարի դիմաց ենթավարձակալությամբ հանձնել է ՓԲԸ-ին: Արդյունքում մինչև 2019թ. հիշյալ կազմակերպությունից փաստացի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի օգտագործման դիմաց ինքն ստացել է ընդհանուր 12․236․000 ՀՀ դրամ վարձավճարի տեսքով շահույթ: Արդյունքում համայնքը զրկվել է իր սեփականություն հանդիսացող գույքի օգտագործման դիմաց առանձնապես խոշոր չափերի՝ 12․236․000 ՀՀ դրամի չափով եկամուտ ստանալու հնարավորությունից։
Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և այն նախաքննություն կատարելու նպատակով ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
2020թ. ապրիլի 24-ին հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա համայնքի ղեկավարը ձերբակալվել է, նույն օրը նա կամովին վերականգնել է համայնքին պատճառված վնասից 6․120․000 ՀՀ դրամը և պատրաստակամություն հայտնվել նախաքննության ընթացքում ամբողջությամբ հատուցել վնասի մնացած մասը։
Նկատի ունենալով այդ հանգամանքը, ինչպես նաև այն, որ նա տվել է խոստովանական ցուցմունքներ, վարույթն իրականացնող քննիչի կողմից որոշում է կայացվել Ա. Ա.-ին ազատել արգելանքից։ Նրա կնոջ՝ Ն.Ք.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է:
Լոռու մարզի դատախազի կողմից միջնորդագիր է հղվել մարզպետին՝ կնքված վերոնշյալ ապօրինի վարձակալության պայմանագրերը լուծելու, համայնքի ու տնտեսվարողի միջև օրենքով սահմանված կարգով նոր պայմանագրային հարաբերություններ ձևավորելու գործընթաց սկսելուն ուղղված միջոցներ ձեռնարկելու նպատակով:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։