Ազգային ժողովի պատգամավոր Հրաչյա Հակոբյանն անդրադարձել է Արթուր Վանեցյանի գրառմանը, որի մասին գրում է․
«ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը իր կոռուպցիոն արիշվերիշներից ուշադրություն շեղելու համար իբր հարց է հնչեցնում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված: Թե էդ ինչե՞ր եք բանակցում Ղարաբաղի մասով: Կարծում եմ ԱԳՆ-ն եւ վարչապետի խոսնակը սպառիչ պատասխան են տվել այդ հարցերին: Բայց քանի որ հետաքրքիր հարցերի սեզոնը բացվել է, ես էլ իմ հերթին եմ ուզում հարց տալ Արթուր Վանեցյանին:
Իսկ կարո՞ղ է մի օր պարզվել, որ Վանեցյանը ԱԱԾ տնօրենի պաշտոնից հեռացվել է օտարերկրա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու պատճառով: Կարո՞ղ է պարզվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստերի ճնշման ներքո նրան ստիպել է խոստովանել օտերարկրյա հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված լինելու փաստը:
Իսկ կարո՞ղ է պարզվել, որ Փաշինյանը պարզել է նաեւ հավաքագրման պայմանները: Օրինակ՝ կարո՞ղ է պարզվել, որ շվեյցարիայում գտնվող Արթուր Վանեցյանի ոչ միայն վարչապետի և ՀՔԾ պետի հետ ունեցած հեռախոսազրույցներն են գաղտնալսվել, այլեւ նրա և Միքայել Մինասյանի բանակցությունները, թե ինչպես է Վանեցյանը Մինասյանից սեփականությունները շորթում՝ նրան ու նրա ընտանիքի անդամներին քրեական պատասխանատվության չենթարկելու, և հետագայում երիտհանրապետականների «նոր իշխանություն» հաստատելու հեռանկարի դիմաց:
Գիտեմ գիտեմ: Շատերը կասեն, որ եթե օտարերկրյա գործակալի թեմա կա, դա պետք է լուծվի քրգործերի կոնտեքստում: Բայց համաշխարհային պրակտիկան էսպես է. օտարերկրյա գործակալներին բռնում եւ դատում են, երբ ուզում են հավաքագրող երկրի հետ հարաբերություն փչացնել: Իսկ եթե ոչ, գործակալին չեզոքացնում են, որ նա ուղղակի չկարողանա գործել: Իսկ Հայաստանը չի ուզում հարաբերություններ փչացնել ոչ մի երկրի հետ»: