ՊԵԿ-ը հորդում է զերծ մնալ հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ ստեղծելու մտադրությունից

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում բացահայտվել են հարկերից խուսափելուն միտված հանցավոր սխեմաներ: Պարբերաբար ստացվող օպերատիվ տվյալների հիման վրա պարզվել է, որ տարբեր ֆիզիկական անձինք և որոշ կազմակերպությունների իրական կամ փաստացի շահառուներ հարկեր չվճարելու կամ կանխամտածված անվճարունակության հատկանիշներ ստեղծելու ուղղակի դիտավորությամբ՝ նախօրոք մշակում են հանցավոր մեխանիզմներ և փորձում իրացնել դրանք։

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այսպես, հանցավոր խմբավորումների մեջ ներգրավված և դերակատարություն ունեցող անձինք, հիմնականում սոցիալապես անապահով քաղաքացիների անուններով գրանցում են սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններ կամ ուղղորդում տվյալ անձանց գրանցվել որպես անհատ ձեռնարկատերեր:

Այնուհետև, նրանց անվամբ ԵԱՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն են ներկրում տարբեր տեսակի ապրանքներ, չներկայացնելով հարկային հայտարարագրերը, խուսափում են հարկերի վճարումից: Մեկ այլ դեպքում էլ ներկայացնում են փաստաթղթեր՝ կրկին չկատարելով հարկային պարտավորությունները:

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում հարուցվել են մի շարք նմանատիպ քրեական գործեր, որոնց նախաքննությունը շարունակվում է ՊԵԿ քննչական վարչությունում։ Ընդ որում, օպերատիվ տվյալների վերլուծությունը վկայում է, որ նշված ծանր կամ առանձնապես ծանրհանցագործությունները կազմակերպվում են մի քանի հանցավոր խմբավորումների կողմից և գործում են նույն «ձեռագրով»։

ՊԵԿ  հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն ամենօրյա անզիջում պայքար է մղում նշված հանցավոր մեխանիզմների բացահայտման ու կանխարգելման ուղղությամբ և հորդորում  է  քաղաքացիներին   զերծ մնալ առանց ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու մտադրության առևտրային կազմակերպություններ ստեղծելուց և որպես անհատ ձեռնարկատեր պետական գրանցում ստանալուց:

Կոմիտեն միաժամանակ կազմակերպությունների իրական շահառուներին նախազգուշացնում է, որ հարկեր չվճարելու դիտավորությամբ նման հանցավոր մեխանիզմներ ստեղծելու դեպքում կենթարկվեն պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել