Բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել, ոստիկանապետը եղել է դեպքի վայրում, բայց ոչ հիվանդանոցում․ Աշոտ Ահարոնյանը՝ Գավառում կատարվածի մասին

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ապրիլի 28-ին, ժամը 17.40-ի սահմաններում Գավառում տեղի ունեցած դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան երկու զոհ և վիրավորներ, Ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Հարուցված քրեական գործի շրջանակում կատարվում է նախաքննություն:

Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։

Միաժամանակ նշենք, որ լրատվամիջոցները դեպքի հետ կապված չճշտված տեղեկություններ են հրապարակում: Նշվում է նաև, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը:

Ոստիկանության պետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում, իսկ բժշկական կենտրոնում որևէ մեկը չի սպանվել: Լրատվամիջոցներին կոչ ենք անում չճշտված տեղեկություններ չհրապարակել:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»։

Հավելենք, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ապրիլի 28-ին հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի դեպքով մարզպետ Գնել Սանոսյանը Armtimes.com-ի հետ զրույցում պատմել է, որ իրավիճակն այս պահին մարզում վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից.

«Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»:

Մարզպետն ասել է, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, և տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում ներխուժման ժամանակ, իրականությանը չեն համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,- ասել է մարզպետը՝ չբացառելով, որ ներխուժման հետևանքով հնարավոր է լինեն նաև տուժած ոստիկաններ:

Նշենք, որ այս դեպքի վերաբերյալ դեռևս ոստիկանությունը պաշտոնական հաղորդագրություն չի տարածել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Գավառում հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի մահացել են, 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի, 2 հոգի էլ Երևանի հիվանդանոցներ: Նախնական տեղեկություններով՝ մահացածներից մեկը Նորատուսից է, մյուսն էլ զինվորական քննիչ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել