Կազմակերպվել է ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացու մուտքը Հայաստան․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին է դիմել Ռուսաստանի Դաշնության Սվերդլովսկի մարզի Մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մերզլյակովան և խնդրել աջակցել ՌԴ քաղաքացի, ազգությամբ հայ երիտասարդի Հայաստան մուտքի հարցում:

Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ գրասենյակից։

Հանձնակատարը տեղեկացրել է, որ իրեն դիմած քաղաքացու ընտանիքի անդամները՝ կինը և երկու անչափահաս երեխաները, 2019 թվականի հոկտեմբերից գտնվում են Հայաստանում և ընտանեկան խնդիրներով պայմանավորված՝ երեխաներին և կնոջը խիստ անհրաժեշտ է ընտանիքի հոր ներկայությունը Հայաստանում:

Տատյանա Մերզլյակովան նշել է նաև, որ քաղաքացին պատրաստակամություն է հայտնել Հայաստան տեղափոխվել Ռուսաստանի Դաշնությունից մեկնող մոտակա չվերթով, այդուհանդերձ, ունի մտավախություն, որ արտակարգ դրության պայմաններում քաղաքացիության հիմքով իր մուտքը ՀՀ տարածք կարգելվի:

Բարձրացված հարցի առնչությամբ հրատապության կարգով գրություն է հասցեագրվել Պարետին:

Մարդու իրավունքների պաշտպանը խնդրի լուծման նպատակով համագործակցել է Եկատիրենբուրգում ՀՀ պատվո հյուպատոսի և Պարետի հետ։

Համագործակցության արդյունքում, հաշվի առնելով գործի հանգամանքները, ազգությամբ հայ, ՌԴ քաղաքացին այսօր ժամանել է Հայաստան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել