Պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպության (մասնաճյուղի) գործունեություն

ՀՀ պարետի որոշմամբ՝ մինչ օրս ժամանակավոր կասեցվել է շուրջ 9 տասնյակ կազմակերպությա (մասնաճյուղի) գործունեություն՝ հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկման արդյունքները, որոնցով արձանագրվել են աշխատանքի անվտանգության խախտումներ։

Այս մասին տեղեկացնում են առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից։

Կասեցման որոշումներն առավելապես կայացվել են առևտրի կենտրոնների հանդեպ։ Արձանագրված խախտումների վերացման նպատակով նման որոշում կայացվել է նաեւ շինարարական, հանքարդյունաբերական, արտադրական, հացաթխման, ճանապարհաշինական եւ մի շարք այլ կազմակերպությունների հանդեպ։

6 ժամի փոխարեն ներկայում նաև 24-ժամյա կասեցման որոշումներ են կայացվում։

Մշտադիտարկում իրականացվել է բոլոր այն ոլորտներում, որոնցում արտակարգ դրության պայմաններում եղել է գործելու թույլտվություն։ Զննումներն առաջնահերթորեն իրականացվել են այն կազմակերպություններում, որոնցում խախտումների վերաբերյալ ԱԱՏՄ թեժ գծով և մամուլի միջոցով ստացվել են ահազանգեր խախտումների վերաբերյալ։

Մարտի 23-ից մշտադիտարկվել է շուրջ 620 կազմակերպություն, որոնցից 395-ում արձանագրվել են ուղեցույցի պահանջի խախտումներ, 180-ում խախտումներ չեն արձանագրվել:

Զննումներին և մշտադիտարկումներին նախորդել են իրազեկման լայնածավալ աշխատանքներ Պարետի 20.03.2020թ. № Ց/17-2020 ցուցմամբ հաստատված ուղեցույցով սահմանված պարտադիր պահանջների մասին։

Պարտադիր կատարման ենթակա նորմերի մասին պատրաստվել են տեղեկատվական հոլովակ, թերթիկներ, իրազեկման նյութեր, որոնք պարբերաբար ներկայացվում են հեռուստատեսությամբ, ռադիոյով, տեղադրված են ՀՀ կառավարության, ՀՀ ԱԱՏՄ պաշտոնական կայքում եւ ԱԱՏՄ ֆեյսբուքյան էջում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել