Փակ դագաղի կնիքը հեռացնելու կամ վնասելու կամ բացելու համար պատիժ է նախատեսված․ պարետի որոշում

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ապրիլի 17-ին որոշում էր ստորագրել, որով արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու և մահացած անձանց դիակների տեղափոխման և հուղարկավորման կանոնները և կարգերը։

Ձեզ ենք ներկայացնում կարգը, ինչպես նաև ծանուցումը, թե ինչ պատիժ է նախատեսված փակ դագաղի կնիքը հեռացնելու կամ վնասելու կամ բացելու համար։

Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակների՝ արտերկրից Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխելու կարգ

1. Արտակարգ դրության ժամանակահատվածում մահացած անձանց դիակները արտերկրից Հայաստանի Հանրապետություն են տեղափոխվում փակ դագաղով:

2. Հայաստանի Հանրապետության սահմանով  դիակներով դագաղներ տեղափոխելիս դրանց հայտարարագրումն իրականացվում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 260-րդ հոդվածի 18-20-րդ մասերով սահմանված կարգով։

3. Հայաստանի Հանրապետության համապատասխան մաքսային մարմնի պաշտոնատար անձը փակ դագաղը կնքում է հերթական համար ունեցող կնիքով և այն հանձնում հուղարկավորության կազմակերպման ստանձնողներին՝ համաձայն «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ՝ 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն օրենքի 13-րդ հոդվածի:

4. Այնուհետև դագաղը տեղափոխվում է Երևան քաղաքի Բագրատունյաց 1 հասցեում գտնվող դիահերձարան, որտեղ դիահերձարանի աշխատակիցները դիահերձարանի ամբողջությամբ ապակեպատ և փակ հատվածում դագաղը բացում են, ապակու հակառակ կողմից մահացած անձի հարազատների համար տեսանելի ձևով ցույց են տալիս դիակը, որից հետո դիակը տեղադրվում է ներսից քլորակրով պատված պարկի մեջ, այնուհետև նույն դագաղի մեջ: Դագաղը դարձյալ նույն ձևով կնքում է մաքսային մարմինների համապատասխան պաշտոնատար անձը և սույն կարգի նմուշի համապատասխան ծանուցում է տրամադրում հուղարկավորության տրամադրման ստանձնողներին՝ միաժամանակ ճշտելով հուղարկավորության օրը, ժամն ու վայրը, և դագաղը փակ վիճակում հանձնում է դիակը ստացող անձին:

5. Մաքսային մարմնի համապատասխան պաշտոնատար անձը սույն կարգի 3-րդ կետում նշված տեղեկատվությունն ու ծանուցագիրը անհապաղ փոխանցում է ՀՀ ոստիկանությանը՝ հետագայում մահացած անձի հուղարկավորության վայրի ոստիկանության տարածքային բաժնին փոխանցելու նպատակով։

6. Մահացած անձի հուղարկավորության վայրի ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակիցը հուղարկավորության օրը ներկայանում է հուղարկավորության վայր և  հուղարկավորումից անմիջապես առաջ ստուգում է դագաղի վրա կնիքի առկայության, բացակայության կամ վնասված լինելու փաստն ու լուսանկարելու միջոցով արձանագրում այն։

7. Կնիքի բացակայության կամ վնասվածքի դեպքում ՀՀ ոստիկանության տարածքային բաժնի աշխատակցի կողմից համապատասխան հաղորդում է ներկայացվում ՀՀ ոստիկանության տարածքային բաժին։

Փակ դագաղի կնիքը հեռացնելու կամ վնասելու կամ բացելու համար վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկվելու մասին ծանուցագիր

Դուք ծանուցվում եք, որ սանիտարահամաճարակային կանոնները խախտելը առաջացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածով կամ Հայաստանի Հանրապետության Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 42-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն: Համապատասխանաբար՝

1. Սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում կամ թունավորում՝ պատժվում է տուգանքով՝ 200 հազար դրամի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Նույն արարքը, որն անզգուշությամբ ծանր վնաս է պատճառել մարդու առողջությանը կամ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 5 տարի ժամկետով:

2. Սանիտարական, սանիտարահիգիենիկ և սանիտարահակահամաճարակային կանոնները և նորմաները (բացի սննդամթերքի անվտանգության ոլորտի և մթնոլորտային օդի պահպանության կանոններից և նորմաներից), հիգիենիկ նորմատիվները խախտելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 10․000-20․000 դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 40․000-100․000 դրամի չափով: Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` 20․000-30․000 դրամի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` 100․000-150․000 դրամի չափով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել