Ուժի մեջ է մտել գրավը՝ որպես առանձին խափանման միջոց սահմանելու վերաբերյալ օրենքը

2020թ. ապրիլի 24-ից ուժի մեջ է մտել գրավը՝ որպես առանձին խափանման միջոց սահմանելու վերաբերյալ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։

Գրավը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշում կայացնելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը որոշման մեջ նշում է գրավի գումարի չափը կամ գրավի առարկան:

Կալանավորումը կիրառվում է միայն դատարանի որոշմամբ` մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի միջնորդությամբ, իսկ դատարանում քրեական գործը քննելիս՝ մեղադրանքի կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ:

Դատարանն անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժում է, եթե նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված, բացառությամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցի:

Մեղադրյալի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառված լինելու դեպքում դատարանը հետագայում պաշտպանության կողմի միջնորդությամբ կարող է թույլատրելի ճանաչել այլ խափանման միջոցների կիրառմամբ մեղադրյալին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը: Նման միջնորդություն կարող է ներկայացվել, եթե առկա են այնպիսի նոր հանգամանքներ, որոնք հայտնի չէին կամ չէին կարող հայտնի լինել:

Գրավը դրամի, արժեթղթերի, այլ արժեքների ձևով դատարանի կամ դատախազության դեպոզիտ մեկ կամ մի քանի անձանց կատարած ներդրումն է: Որպես գրավ կարող է ընդունվել անշարժ գույքը:

Գրավի արժեքի ապացուցման պարտականությունը կրում է գրավատուն: Գրավի չափը չի կարող պակաս լինել նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափից: Գրավը ենթակա է մուծման վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից երկօրյա ժամկետում:

Մինչև գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալը վարույթն իրականացնող մարմինն ազատության մեջ գտնվող կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կիրառում է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը:

Գրավի մուծված լինելու մասին ապացույցներ ստանալով` վարույթն իրականացնող մարմինը վերացնում է կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոցը կամ անձին ազատում է ձերբակալումից և այդ մասին ծանուցում իրավասու մարմնին` կասկածյալի կամ մեղադրյալի` Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու իրավունքը սահմանափակելու նպատակով:

Գրավը վերադարձվում է գրավատուին այն դեպքերում, երբ չի ապացուցվել սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու հանգամանքը, կամ գրավը` որպես խափանման միջոց, վերացվել կամ փոխվել է: Գրավը վերադարձնելու մասին որոշումն ընդունում է քրեական վարույթն իրականացնող մարմինը` համապատասխան խափանման միջոցը վերացնելու կամ փոխելու մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել