Հաղթանակի փողոցում հնչած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ․ ՔԿ

2020 թվականի ապրիլի 25-ին՝ ժամը 01:20-ին, անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակի 1-ին փողոցից կրակոցների ձայներ են լսվում:

Այս մասին տեղեկացնում են Քննչական կոմիտեից։

Նույն օրը՝ ժամը 03:00-ին, ահազանգ է ստացվել նաև «Միքայելյան վիրաբուժական ինստիտուտ» ՓԲ ընկերությունից այն մասին, որ բուժօգնության են դիմել երկու քաղաքացի՝ հայր և որդի, որոնցից մեկի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի հրազենային վիրավորում, գլխի գագաթային շրջանի պատռվածք, իսկ մյուսի մոտ՝ աջ ազդրի հրազենային վիրավորում, ազդոսկրի ստորին երրորդականի բեկորային կոտրվածք` բեկորների տեղաշարժումով ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով, 258-րդ (խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով, 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածի 1-ին մասով։

Նախաքննության ընթացքում կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։

Կատարվում է նախաքննություն։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի (անձանց) ինքնությունը պարզելու, հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել