Կառավարությունը Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն է հայտարարել

Կառավարությունը ապրիլի 23-ին որոշում է ընդունել Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն հայտարարելու մասին։

Որոշման մեջ ասվում է․

«Հիմք ընդունելով ՀՀ ջրային օրենսգրքի 92-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․

1. Սահմանել Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում սակավաջրություն:

2. Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարին`

1) ըստ անհրաժեշտության կատարել ժամանակավոր փոփոխություններ սույն որոշման 1-ին կետով նշված տարածքներում տրամադրված ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալների և (կամ) ռեժիմների սահմանափակումների և չափավորումների ուղղությամբ` առաջնորդվելով ջրային օրենսդրությամբ սահմանված ջրօգտագործման գերակայության սկզբունքներով.
2) Հյուսիսային և Սևանի ջրավազանային կառավարման տարածքներում, հիդրոօդերևութաբանական վերլուծության արդյունքում, երաշտի նախապայմանների վերաբերյալ յուրաքանչյուր տասնօրյակը մեկ տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ:

3. ՀՀ էկոնոմիկայի նախարարին` սույն որոշման 1-ին կետով նշված տարածքներում ջրօգտագործում իրականացնող տնտեսություններում ջրախնայող համակարգեր ներդրած տնտեսությունների վերաբերյալ եռօրյա ժամկետում տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, ձեռնարկել միջոցառումներ առավել մեծ թվով տնտեսություններում ջրախնայող համակարգեր ներդնելու ուղղությամբ և արդյունքների վերաբերյալ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 10-ը տեղեկատվություն ներկայացնել ՀՀ վարչապետի աշխատակազմ:

4. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 1-ին կետով նշված տարածքներում ոռոգման նպատակով ջրօգտագործողներին նոր կամ այլընտրանքային աղբյուրներից ջրամատակարարում ապահովելու վերաբերյալ եռօրյա ժամկետում առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ, իսկ արդյունքների մասին՝ յուրաքանչյուր տասնօրյակը մեկ»:

Որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել