Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն անդրադարձել է կեղծ օգտատերեր ունեցող էջերին ու դրանց վտանգավորության հարցին։ Այս մասին նա գրում է․
«Սա ազգային անվտանգության խնդիր է և ողբերգություն։ Այն, որ միայն մեկ օրվա մեջ 33 հազար տարածում է ստացել բացահայտ ֆեյքը։ Սա կրթության տապալման ախտանիշ է։ Սա ևս մեկ անգամ մեզ պետք է ապացուցի, որ երկրի հիմքը կրթական համակարգն է։ Ոչ հարկայինը, ոչ գյուղատնտեսությունը, ոչ բանակը։ Այդ ամենը կտապալվեն, եթե դու ունես անգրագետ հասարակություն։ Առ այսօր հրապարակումներ եմ տեսնում այն մասին, որ կորոնավիրուս գոյություն չունի։ Մի հասարակական գործիչ դա ասում է, լրագրողը՝ տարածում։ Իսկ որպես հետևանք կարող ենք ունենալ ողբերգություններ, որովհետև այդ նույն ձև շատ մարդիկ կհավատան այդ հայտարարություններին։ Մեր հասարակությունը առանց կրթության զրկվում է իր իմունային համակարգից։ Ադրբեջանական գործակալներից մինչև հանրային հիմարներ և բացահայտ տականքներ հանգիստ կարողանում են ներթափանցել տեղեկատվական դաշտ և մարդկանց ուղեղները լվանալ։ Էս լվացքատան վերջը պետք է տալ»։