Մայիսի 1-ից երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող 5 պետական հաստատությունների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան: Այս մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում: Այս նպատակի համար կուղղվի լուծարված «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի համար նախատեսված 141 միլիոն 358 հազար դրամից 36 միլիոն 685 հազար դրամը՝ մյուս ՊՈԱԿ-ների միջև իրականացված վերաբաշխման ամիջոցով:
Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշել է, որ այս փոփոխության անհրաժեշտությունը բխում է երեխաների պաշտպանության համակարգում իրականացվող բարեփոխումներից.
«Մեր հիմնական ռազմավարությունն ուղղված է երեխաների՝ ընտանիքում ապրելու իրավունքն ապահովելուն: Բայց այսօր 623 երեխա դեռ խնամվում է շուրջօրյա հաստատություններում, որոնցից 457-ը՝ հատուկ մասնագիտացված հաստատություններում: Ուստի մենք նաև ծառայությունների որակը բարձրացնելու նպատակով աշխատակիցների աշխատավարձերի հարցը պետք է հոգանք:
Մենք նախկինում հայտարարել էինք, որ բարձրացնելու ենք խնամքի տների, մասնավորապես, տունինտերնատների, մանկատների աշխատտողների աշխատավարձը»,- հիշեցրել է նախարարը: Ըստ նրա՝ խնամքի հաստատություններում սպասարկման ոլորտում աշխատողները նվազագույն աշխավարձ են ստանում, իսկ այս որոշմամբ բարձրացումը վերաբերելու է շուրջ 230 մարդու: Նրանց աշխատավարձերը կբարձրանան 5-61 %-ով:
Այսպես՝ դայակի աշխտավարձը 68 հազարից մայիսի 1-ից հետո կդառնա 96 հազար դրամ: Տնօրենի աշխատավարձը նույնպես կբարձրանա՝ 143 հազարից դառնալով 231 հազար դրամ: Ըստ նախագծի՝ ընդհանուր տիպի մանկատներում միջին աշխատավարձը կդառնա 130.9 հազար դրամ կամ 23.9 հազար դրամով ավելի, իսկ հատուկ տիպի մանկատներում, աշխատավարձի՝ համեմատաբար բարձր լինելու հանգամանքով պայմանավորված՝ 174.1 հազար դրամ կամ 18 հազար դրամով ավելի:
Հիշեցնենք, որ հունվարի 1-ից արդեն բարձրացել է տարեցների խնամքի հաստատություններում աշխատող շուրջ 700 աշխատակցի աշխատավարձ:
Նշենք, որ պետական մանկատներում խնամք է ստանում 623 երեխա, որոնցից 457-ը մասնագիտացված հաստատություններում։