Ոստիկանության Արմավիրի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել Արմավիրի տարածքային պետական քոլեջում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ ուսումնական հաստատության նախկին տնօրենը 2014-ից 2016 թվականների ընթացքում քոլեջի գործավարի եղբորը գրանցել է որպես պահակ։
Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից։
Տղամարդը աշխատանքի չի ներկայացել, սակայն նրա անվամբ դուրս են գրվել աշխատավարձի գումարներ։ Փաստական տվյալներ են ձեռք բերվել նաև, որ դպրոցի պահակ հրամանագրված և դարձյալ աշխատանքի չներկայացած մի կնոջ անվամբ ևս աշխատավարձեր են դուրս գրվել։
Ապօրինությունների հետևանքով յուրացվել է ընդհանուր 1 միլիոն 600 հազար դրամից ավելի գումար։ Դեպքերի առթիվ ոստիկանության Արմավիրի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: