«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցներն առավոտյան նկատել են, որ «Օղակաձև» զբոսայգու վեցերորդ հատվածի տարածքից գողացել են երեկ տնկված 6 թանկարժեք սոճիներից 3-ը: Այս մասին տեղեկանում ենք Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության ֆեյսբուքյան էջից։
«Մինչ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ջանք ու եռանդ չխնայելով փորձում է վերադարձնել Երևանի երբեմնի կանաչապատ տարածքները՝ վանդալները ոչնչացնում են տնկիները:
Կիպարիսների և թույաների գողությանը հաջորդել է սոճիներինը: Կրկին վնաս է հասցվել Երևանի կանաչապատ տարածքներին: Նշենք, որ ասեղնատերևավոր տեսակները տեղափոխման առանձնահատուկ եղանակներ ունեն, ինչը գողացողը չի կարող պահպանել: Հետևաբար՝ գողացված ծառերը դատապարտված են չորացման: Հավելենք, որ այդ ծառերը, շնորհիվ իրենց ֆիտոնցիդների, օդը մաքրում են բակտերիաներից և բազմազան միկրոբներից: Միաժամանակ մթնոլորտ են արտանետում մեծ քանակությամբ թթվածին»։