Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուսի բռնկման նոր օջախ․ կա 39 հաստատված դեպք

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ․

Հաշվի առնելով, որ վերջին օրերին Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում գրանցել է կորոնավիրուս հիվանդության բռնկման նոր օջախ՝ այս պահի դրությամբ ունենք 39–ի հաստատված դեպք՝

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի 21 ապրիլի, 2020 N 48 որոշման համաձայն (https://www.gov.am/files/docs/4021.pdf)
Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի մուտքի և ելքի հատուկ ռեժիմ է սահմանվում և կիրառվելու են սահմանափակումներ։

Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմավել է հատուկ ռեժիմ՝ արգելելով անձանց և տրանսպորտային միջոցների մուտքն ու ելքը՝ բացառությամբ առաջին անհրաժեշտության ապրանքների, պարագաների, սննդամթերքի, դեղորայքի ու վառելիքի մատակարարման։

Սահմանափակումները ուժի մեջ են մտնում ապրիլի 22-ը՝ ժամը 08:00-ից մինչեւ, 2020 թվականի ապրիլի 28-ը` 23:59-ը։

Հավելեմ նաեւ, մարզում նոր կորոնավիրուս հիվանդության առաջին դեպքը գրանցվել էր ապրիլի 17–ին «Վարդենիսի պոլիկլինիկա» ՊՓԲԸ–ի աշխատակցի մոտ այդ օրվանից չի գործում բուժհաստատությունը։

Այսօրվանից սահմանափակվում է նաև «Վարդենիսի հիվանդանոց» ՊՓԲԸ–ի աշխատանքները։ Գործում է միայն շտապ օգնության ծառայությունը եւ հրատապ, անհետաձգելի բուժսպասարկում իրականացվում։ Հիվանդանոցի 12 աշխատակցի մոտ կորոնավիրուս հիվանդության թեստի դրական արդյուքն է գրանցվել։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվում է, նրանց մի մասը ինքնամեկուսացված է, մի մասը մեկուսացված։

Ձեր և բոլորի անվտանգությունից ելնելով կոչ եմ անում՝
• մնացե’ք տանը,
• սահմանափակե’ք շփումները,
• հետևե’ք անձնական հիգիենային,
• հաճախակի լվացե’ք ձեռքերն օճառով` առնվազն 20 վայրկյան տևողությամբ, հատկապես սնունդ ընդունելուց առաջ և տուն մտնելուց հետո,
• հնարավորության սահմաններում նվազեցրե’ք հանրային վայրերում գտնվելը և տրանսպորտից օգտվելը,
• շփումների դեպքում պահպանե’ք առնվազն 1 մետր հեռավորություն,
• գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվե’լ ինքնաբուժմամբ, տեղեկացնել բժշկին,
• պարբերաբար կատարեք ջերմաչափում` արդյունքների մասին տեղեկացնելով բժշկին,
• խուճապի մի’ մատնվեք և հետևեք Ձեր բժշկի խորհուրդներին:
Իմ խնդրանք-հորդորն է ձեզ, այս օրերին հատկապես, հետեւել միայն ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍԻՆ, լինել մեդիա գրագետ՝ չտրվել ապատեղեկատվություն պարունակող կայքերի հրապարակումներին, զերծ մնալ չփաստարկված հայտարարություններ եւ բամբասանքներ տարածելուց։ Խոհեմություն ցուցաբերել և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։ Մենք ավելի քան թափանցիկ ենք աշխատում՝ հանուն յուրաքանչյուրիս անվտանգության եւ առողջության։

Կոչ եմ անում նաև չթիրախավորել որևէ մեկի անձնական կամ ընտանեկան կյանքը և խնդրում դադարեցնել Վարդենիսում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված կնոջ վերաբերյալ քննարկումները»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել