Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

«Խորապես ցնցված եմ Նոր Շոտլանդիա նահանգում տեղի ունեցած վայրագ հանցագործության լուրից, որը 16 անմեղ զոհերի պատճառ դարձավ: Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Ձեզ և Կանադայի բարեկամ ժողովրդին այս աներևակայելի բռնարարքի կապակցությամբ, որը պատուհասած COVID-19 համավարակի դեմ պայքարի օրերին ցնցեց բոլոր կանադացիներին:

Խնդրում եմ զոհվածների ընտանիքներին և մտերիմներին փոխանցել սփոփանքի իմ խոսքերը՝ մաղթելով համբերություն և տոկունություն»,- նշված է վարչապետի հեռագրում:

Հիշեցնենք, որ Կանադայի 51-ամյա բնակիչ Գաբրիել Ուորթմանը Նոր Շոտլանդիայի նահանգում սպանել է առնվազն 16 մարդու։

Հարձակումը սկսվել է Պորտապիկ փոքր քաղաքում (Հալիֆաքսից 100 կմ հեռավորության վրա) շաբաթ երեկոյան, ապրիլի 18-ին։ Տներից մեկում և դրա հարևանությամբ, ոստիկանությունը գտել է մի քանի մահացած մարդու: Ուորթմանն այնուհետև սկսել է շրջել Նոր Շոտլանդիայի քաղաքների միջև՝ սպանելով մարդկանց և կրակ բացելով տների վրա:

Գաբրիել Ուորթմանը սպանությունները կատարել է Կանադայի ոստիկանության ծառայողի հագուսոով և շրջել է ոստիկանական մեքենայով: Ոստիկանությունը նշել է, որ հարձակվողը չի աշխատում որպես ոստիկան: Իշխանությունները կարծում են, որ հանցագործը նախանշել էին առաջին զոհերին, այնուհետև սպանել է պատահական մարդկանց: Կասկածյալի հետ փոխհրաձգության ընթացքում մահացել է ոստիկան Հեյդի Սթիվենսոնը, իսկ սպաներից մեկը վիրավորվել է:

Ոստիկաններն ի սկզբանե հայտնել են, որ Ուորթմանը ձերբակալվել է Անֆիլդի բենզալցակայանում, բայց հետո հայտնել են, որ նա մահացել է:

Դեռևս անհայտ են հանցագործության դրդապատճառները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել