ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանը առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում։
Հեղինակը նշում է, որ նախագծի հիմնական նպատակը կորոնավիրուսի տարածման տնտեսական հետեւանքների, կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերը մեղմումն է` հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու արդյունքում տույժերի տեսքով գոյացող հարկային բեռի նվազեցումը եւ չկատարված հարկային պարտավորությունների մինչեւ որոշակի շեմը այդ պարտավորությունների կատարումն ապահովող արգելադրման գործիքի չկիրառումը:
ՀՀ հարկային օրենսգրքի 401-րդ հոդվածի համաձայն` հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Տույժը կիրառվում է ժամանակին չմուծված հարկի գումարի (այդ թվում` հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերով սահմանված դեպքերում` հարկային գործակալի կողմից չվճարված), հարկերի կանխավճարային գումարների, հարկային հսկողության արդյունքներով հայտնաբերված (պակաս ցույց տրված) հարկի գումարի նկատմամբ` դրանց վճարման ժամկետից անցած ամբողջ ժամանակաշրջանի համար, բայց ոչ ավելի, քան 730 օրվա համար:
ՀՀ հարկային օրենսգրքի 430-րդ հոդվածի համաձայն` չկատարված հարկային պարտավորության չափը 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը Օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:
Նախագծով առաջարկվում է ժամկետանց հարկային պարտավորությունների համար տույժի հաշվարկը ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 2020 թվականի ապրիլի 20-ից հետո 0.075 տոկոսի փոխարեն հաշվարկել 0.04 տոկոսի չափով: Ընդ որում, մինչեւ օրենքն ուժի մեջ մտնելը սկսված տույժերի հաշվարկը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո շարունակվելու է 0.04 տոկոսի չափով մինչեւ դրանց հաշվարկման համար 730 օրը լրանալը:
Արգելադրման համար օրենսգրքով սահմանված հարկային պարտավորությունների 500 հազար դրամ չափը 2020 թվականի ապրիլի 20-ից հետո փոխարինել 1 միլիոն 500 հազար դրամով: Ընդ որում, նշված չափը հաշվի է առնվելու 2020 թվականի ապրիլի 20-ից հետո արգելադրման գործիք կիրառելիս: