Ազգային ժողովի պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը և Վահե Հովհաննիսյանը առաջարկում են փոփոխություններ կատարել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում։
Գործող օրենքով 500 000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար սոցիալական վճարների հաշվարկման առավելագույն շեմ է համարվում 500 000 ՀՀ դրամը, որը 2020 թվականի հուլիսի 1-ից դառնում է նվազագույն աշխատավարձի 15-ապատիկի չափ, որն այս պահին կազմում է 1 020 000 ՀՀ դրամ: Արդյունքում, 500 000 ՀՀ դրամից ավել աշխատավարձ ստացողները վճարելու են ամսական մինչեւ 52 000 ՀՀ դրամ լրացուցիչ սոցիալական վճար:
Այդ վճարները ուղղվելու են կուտակային ֆոնդերին, որը նվազեցնելու է աշխատողի եկամուտը և նաև սպառումը:
«Այդ խավն այս պահին արդեն կատարում է ամենաշատ սոցիալական վճարները և կենսաթոշակի հետագա ստացման տեսանկյունից արդեն գտնվում է լավագույն վիճակում և լրացուցիչ վճարների անհրաժեշտությունը բացակայում է: Միևնույն ժամանակ, այս խավի համար ստեղծվում են անարդար պայմաններ, քանի որ մինչև 500 000 ՀՀ դրամ ստացողների համար պետության կողմից վճարի մասով առկա է նույնանման համամասնությունը, ինչը բացակայում է 500 000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձի դեպքում, երբ պետությունը վճարում է 500 000 ՀՀ դրամի համար սահմանված վճարի չափով»,-նշում են հեղինակները և առաջարկում 2020 թվականի հուլիսի 1-ից շեմի բարձրացման կարգավորումները չեղյալ համարել, և առանց հետագա ժամկետային սահմանափակման առավելագույն շեմ սահմանել 500 000 ՀՀ դրամը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ փոփոխություն չիրականացնելու դեպքում, մոտ 25 000 քաղաքացի լրացուցիչ վճարելու է ամսական մոտ 700 մլն դրամ: Արդյունքում տարեկան կտրվածքով շրջանառությունից դուրս է գալու մոտ 8,4 մլրդ դրամ, որը կարող է հանգեցնել ավելի քան 1 մլրդ դրամ հարկային մուտքերի կրճատման՝ սպառման կրճատման պատճառով: Առաջարկվող փոփոխությունը հնարավորություն կտա խուսափել սպառման նման մակարդակի նվազումից եւ հարկերի նվազումից՝ առավել եւս սպասվող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին: