Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ապրիլի 7-ին նոր որոշում է ստորագրել՝ հասարակական զուգարաններին ներկայացվող հիգիենիկ պահանջների վերաբերյալ։
Այսպիսով, հրամանի համաձայն՝ հասարակական զուգարանները պետք է տեղակայված լինեն հասարակական շենքերում (մշակութային օջախներ, հանրային սննդի կազմակերպություններ, սպորտային կառույցներ, առևտրի կենտրոններ և այլն), տոնավաճառներում, շուկաներում, կայարանամերձ հրապարակներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, ավտոբենզալցակայաններում, ավտոգազալիցքավորման ճնշակայաններում և կայաններում, զբոսայգիներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում, փակ առողջարանային և հանգստի գոտիներում, լողափերում և այլն:
Հաշվի առնելով որ 1 սանիտարական սարքավորման առավելագույն թողունակությունը 1 ժամում 27 մարդ է, հասարակական զուգարանի հզորությունը սահմանվում է 500 մարդուն` առնվազն մեկական սանիտարական սարքավորում (կանանց և տղամարդկանց խցիկներում):
Մաքրման պարագաները պետք է ախտահանվեն աշխատանքային օրվա վերջում` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կիրառման հրահանգ ունեցող ախտահանիչներով:
Հասարակական զուգարաններում սենքերի հիմնական մաքրումը պետք է կատարվի շաբաթը մեկ անգամ` Հայաստանի Հանրապետությունում գրանցված և Առողջապահության նախարարի հրամանով հաստատված կիրառման հրահանգ ունեցող ախտահանիչներով: Հիմնական մաքրումը ընդգրկում է` սենքերի պատերը, հատակը, առաստաղը, պատուհանները, դռները, աղբարկղերը և սարքավորումները։
Բնակչության զանգվածային այցելությունների (այդ թվում ավտոբենզալցակայանների, ավտոգազալիցքավորման ճնշակայանների և կայանների, մարզադաշտերի, մարզահամալիրների, թատրոնների, կինոթատրոնների, կայարանների, օդանավակայանների, զբոսայգիների, հանգստի գոտիների և այլն) ստացիոնար հասարակական զուգարանների սենքերի օդային միջավայրը հոտից և վնասակար մանրէներից զերծ մնալու համար պետք է տեղադրվեն զուգարանակոնքեր՝ հեղուկը մի ամանից մյուսը փոխադրելու համար գործածվող երկու անհավասար թևերով խողովակի (սիֆոն) առկայությամբ:
Հրամանն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 1-ից:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտահոգություն էր հայտնել զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ։
«Որքան էլ զավեշտալի հնչի, որ մենք այս հարթակում ստիպված ենք այսպիսի հարցեր քննարկել, այնուամենայնիվ, ՀՀ-ում ամենամեծ պրոբլեմներից մեկը վերաբերում է զուգարանների խնդրին։ Սա քաղաքակրթական կարևորագույն խնդիր է, երբ որ տեսնում ես, որ որևէ տեղ բացված է 5 հարկանի ռեստորան, որտեղ աթոռները ոսկեջրած են, բայց երբ զուգարանի դուռը բացում ես ու ներս ես մտնում, քեզ թվում է, թե ինչ-որ աղետյալ շրջանում ես գտնվում»,- ասաց Փաշինյանն ու նիստին ներկա պաշտոնյաներից հետաքրքրվեց` կա՞ն արդյոք ՀՀ-ում զուգարանների ստանդարտներ։
Պարզվեց` հիգիենիկ պահանջների վերաբերյալ ստանդարտներ կան, բայց դրանք հիմա փոփոխման փուլում են։