Նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի և 13 հարակից օրենքների մասին, որում ասվում է․
««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն են ներկայացվել 2020թ. մարտի 30-ին:
Օրենքները կառավարության կողմից նախաձեռնվել են հակակոռուպցիոն միջոցառումների արդյունավետությունը բարձրացնելու հիմնավորմամբ:
Այս համատեքստում, օրենքների ընդունումը և կիրառումը պետք է հետապնդեն Սահմանադրությամբ ամրագրված դատական իշխանության անկախությունը առավել երաշխավորված դարձնելու նպատակ: Ուստի և օրենքները պետք է միտված լինեն դատական համակարգի դերի բարձրացմանն, արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացմանն, ինչպես նաև դատավորների անկախության ու անձեռնմխելիության սկզբունքների պահպանմանը: Կարևոր է, որ բացառվեն դատավորների նկատմամբ անհիմն քրեական հետապնդումների որևէ իրավական հնարավորությունը կամ նրանց իրավունքների անհարկի սահմանափակումները: Կարևոր է նաև, որ օրենքների կիրառման արդյունքում բարձրանա դատարանների հեղինակությունը և արդարադատության նկատմամբ վստահությունը:
Նախագահն ակնկալում է, որ օրենքներն անվերապահորեն կիրառվեն բարձր պատասխանատվությամբ՝ բացառելով որևէ ճնշում կամ միջամտություն դատական համակարգի գործունեության վրա:
Առանցքային է նաև, որ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով սահմանվող իրավիճակային հայտարարագրեր ներկայացնելու պահանջը լինի հիմնավոր և կիրառվի միայն որպես բացառիկ միջոց: Իրավիճակային հայտարարագրեր ներկայացնող անձանց շրջանակը պետք է որոշվի ողջամտորեն, պահանջվող տեղեկատվության ծավալը պետք է լինի անհրաժեշտ և համաչափ՝ հաշվի առնելով մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, անձնական տվյալների պաշտպանության սահմանադրական պահանջները: Ակնկալվում է նաև, որ օրենքի կիրառման ընթացքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործելակերպը լինի կանխատեսելի, օրենքով սահմանված հստակ չափանիշներին և սկզբունքներին համապատասխան:
Հանձնաժողովը պետք է ապահովի, որ սփյուռքահայերի, օտարերկրյա քաղաքացիների, երկքաղաքացիություն կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող անձանց, այլ պետություններում տնտեսական գործունեություն ծավալող և բացառապես այդ պետություններում հարկատու կամ հայտարարագիր ներկայացնող ոչ ռեզիդենտ անձանց, պաշտոնատար անձանց հետ գործնականում շփում չունեցող նրանց մերձավոր ազգականների, ինչպես նաև օրենքի գործողության տիրույթում ցանկացած այլ անձանց նկատմամբ օրենքը կիրառվի ողջամտորեն:
Պետք է հաշվի առնել, որ հանրության համար ընդհանրապես և գործարար շրջանների համար մասնավորապես, առանձնահատուկ զգայունություն ունի անձնական տվյալների, ձեռնարկատիրական և մասնագիտական գործունեության տվյալների, ինչպես նաև բանկային գաղտնիք կազմող տեղեկատվության պաշտպանության հարցը:
Հաշվի առնելով որ, օրենքով սահմանված՝ իրավիճակային հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը չափազանց լայն է, օրենքի կիրառման ընթացքում պետք է հետևել, որ անձանց վերաբերյալ հասանելի դարձած տեղեկատվությունը չօգտագործվի ի վնաս նրանց, մասնավորապես ներդրողների և գործարարների համար չհանգեցնի անհավասար մրցակցության: Անհրաժեշտ է նաև բացառել հնարավոր այլ բացասական ազդեցությունները և ռիսկերը:
Հանրապետության նախագահի աշխատակազմը օրենքների նախագծերի վերաբերյալ իր մտահոգություները, նկատառումներն ու հարցադրումները քննարկել է Ազգային ժողովի պետական-իրավական հանձնաժողովի նախագահի և արդարադատության նախարարի հետ և ստացել լրացուցիչ պարզաբանումներ:
Հանրապետության նախագահն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը և 13 հարակից օրենքները:
Մեծապես կարևորելով կոռուպցիայի դեմ պայքարը՝ միևնույն ժամանակ օրենքները պետք է կիրառվեն Սահմանադրությամբ ամրագրված որոշակիության և համաչափության սկզբունքների պահպանմամբ: Օրենքների անբարեխիղճ կիրառումը կարող է խաթարել պետության նկատմամբ վստահությունը:
Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում Հանրապետության նախագահն ուշադրությամբ հետևելու է օրենքների բարեխիղճ և իրավաչափ կիրառմանը»: