Դոնի Ռոստովում ՀՀ Գլխավոր հյուպատոսության և «Азимут» ավիաընկերության միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն ապրիլի 19-ին տեղի ունեցավ Կրասնոդարից դեպի Երևան չարտերային թռիչքը։ Այս մասին հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը։
Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 100 ՀՀ քաղաքացի։
Կրասնոդարի երկրամասի հայկական ազգային-մշակութային ինքնավարության ու կառույցի նախագահ Արտյոմ Մինոսյանի, ինչպես նաև բարերար Միսակ Ղազարյանի և Գլխավոր հյուպատոսության աջակցությամբ ապահովվել է նշված չվերթով քաղաքացիների անվճար վերադարձը հայրենիք։
Հայաստան վերադարձի առաջնահերթություն է տրվել նախապես ցուցակագրված՝
• Ռուսաստանի հարավում, մասնավորապես՝ Կրասնոդարի երկրամասում գտնվող այն ՀՀ քաղաքացիներին, ովքեր բախվել էին կացության հետ կապված խնդիրներին;
• մանկահասակ երեխաներ ունեցող ՀՀ քաղաքացիներին, մեծահասակներին, հետվիրահատական վերականգնման անհրաժեշտություն ունեցող և բուժման ցուցումով Հայաստան վերադարձողներին, ծայրաստիճան բարդ կացության մեջ հայտված քաղաքացիներին։
Վերոնշյալ թռիչքով Հայաստան վերադարձած քաղաքացիները ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի: