Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին․ դատավորն ու դատարանի նախագահը թույլ են տվել սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներ. հայտարարություն

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն այսօր հերթական դիմումն է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով դիտարկել Ռ․Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի շուրջ ստեղծված իրավիճակի և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու հարցը: Փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Պաշտպանը տեղեկացրել է, որ սույն գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ապրիլի 17-ին վերադարձել է աշխատանքի, ի վիճակի է եղել կատարել իր աշխատանքային պարտականությունները, չի ունեցել պլանավորված արձակուրդ, սակայն անհապաղ քննության չի առել դեռևս մարտի 16-ին ներկայացված միջնորդությունը։ Դրա փոխարեն դատավորը կրկին մեկնել է արձակուրդ:

«Նշված վարքագիծը դասական իմաստով ենթադրում է արդարադատության իրականացումից հրաժարվել», – իր դիմումի մեջ նշել է Վարդևանյանը։

Նաև ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ակնհայտ դրսևորվող անգործությանը:

Այսպիսով, գործը քննող դատավորի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գործողությունների արդյունքում արձանագրվել են ՀՀ Սահմանադրության 3, 27, 61, 63-րդ հոդվածներով երաշխավորված սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներ:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին դատարանը չի անդրադարձել ավելի քան 5 ամիս»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել