«Բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու». վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շուրջ քննարկումները։

Այսօր կայացած խորհրդակցությանը ներկայացվել են նոր առաջարկներ։ Քննարկվել են կրթության ոլորտին, մասնավորապես, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված քայլերը։ Արծարծվել են ուսանողի բարձր առաջադիմությամբ պայմանավորված՝ կիսամյակային վարձավճարների փոխհատուցման, ինչպես նաև ուսանողական վարկերի սուբսիդավորման մեխանիզմներին վերաբերող հարցեր:

Ընդգծելով այս աջակցության կարևորությունը՝ վարչապետը նշել է, որ բարձր առաջադիմություն ունեցող որևէ ուսանող վարձավճարի պատճառով բուհից դուրս չի մնալու, և կառավարությունը հնարավորինս օժանդակելու է ուսանողներին: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել առաջարկը և ներկայացնել վերջնական տարբերակ։

Հաջորդիվ ամփոփվել են կառավարության հաստատած 13 միջոցառումների ընթացիկ արդյունքները, անդրադարձ է եղել ծրագրերի կատարման շրջանակում առաջացող հարցերին և տրվող լուծումներին։ Վարչապետը հանձնարարել է պատասխանատուներին շարունակել անհրաժեշտ քայլերի ձեռնարկումը՝ խնդիրներին արագ լուծում տալու, միջոցառումների սահուն ընթացքն ապահովելու և նախատեսված օժանդակությունը շահառուներին լիարժեք տրամադրելու համար։

Խորհրդակցությանը մտքեր են փոխանակվել նաև սոցիալական օժանդակության կարիք ունեցողների շրջանակի ընդլայնման հարցի շուրջ: Վարչապետը կարևորել է սոցիալական խոցելի խմբերի լիարժեք բացահայտման ուղղությամբ շարունակական աշխատանքը և համապատասխան հանձնարարականներ տվել:

Քննարկվել են տնտեսվարողների գործունեության խրախուսմանը վերաբերող մի շարք գաղափարներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել