Հայաստանի պատմամշակութային հուշարձանների իրազեկման առցանց արշավ․ ԿԳՄՍ

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը և «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպությունը ներկայացնում են Հայաստանի պատմամշակութային հուշարձանների իրազեկման առցանց արշավ՝ որպես շարունակություն տարվա սկզբին մեկնարկած «Հուշարձանների պահպանության նպատակով իրազեկման արշավ» նախաձեռնության:

Սա պատեհ առիթ է՝ ևս մեկ անգամ մեր ուշադրությունն ուղղելու դեպի առավել վտանգված ու խոցելի հուշարձանները:
Ճանաչենք և պահպանենք մեր ժառանգությունը:

Առցանց արշավի շրջանակում իմացե՛ք հուշարձանի մասին ավելին:

Կարմիր կամուրջ (Հրազդանի կամուրջ, Խոջա Փլավի կամուրջ)

Գտնվում է մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում, Հրազդան գետի վրա, «Արարատ» գինեգործական արդյունաբերական համալիրի դիմաց: Կամրջի հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Այն գոյություն է ունեցել միջնադարից: 1679 թ. երկրաշարժի ժամանակ Երևանի բերդի հետ քանդվել է նաև այս կամրջի նախնական կառուցվածքը, սակայն նույն թվականին վերակառուցվել է Երևանի սարդար Զալ խանի հրամանով: Մինչ երկրաշարժը կամուրջը տեսել և նկարել է ֆրանսիացի ճանապարհորդ, վաճառական Ժան-Բատիստ Տավերնիեն (1605-1689), ըստ որի կամուրջն ունեցել է եռակամար հավասար բացվածքներով հորինվածք:

Կամուրջը վերանորոգվել է XVIII դ., քանաքեռցի վաճառական Խոջա Փլավի միջոցներով, որի համար էլ այն հայտնի է Խոջա Փլավի կամուրջ անվամբ: Հաջորդ նորոգումը տեղի է ունեցել 1830 թ., ռուսական տիրապետության օրոք: Այժմ կամուրջն ավերված է: Ունեցել է չորս կամարակապ բացվածք, որոնցից երկու մեծ բացվածքները գտնվում են գետի հոսանքի վրա, իսկ մյուս երկու՝ շատ ավելի փոքր բացվածքները, գետի ափերին կանգնած պատերի մեջ են, ջրանցքների վրա:

Կամարները սլաքաձև են: Կամուրջը կառուցված է երևանյան տուֆի (հիմնականում կարմիր, ինչի պատճառով անվանել են նաև Կարմիր կամուրջ) սրբատաշ քարերից, կրաշաղախով: Կամրջի ընդհանուր երկարությունը 87.5 մ է, լայնությունը 2 կողմի բազրիքների միջև՝ 6.47 մ: Կամրջի վրայով է անցել Երևան-Էջմիածին հին ավտոճանապարհը:
Այն ընդգրկված է Երևան քաղաքի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում՝ որպես հանրապետական նշանակության հուշարձան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել