ԿԳՄՍ նախարարի հրամանով սահմանվել է լիցենզիայի գործողությունը կասեցված կամ դադարեցված բուհերի սովորողների ընթացիկ կամ ամփոփիչ ատեստավորման կարգը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին հրաման է ստորագրել կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված կամ դադարեցված բարձրագույն ուսումնական հաստատությունների (կամ դրանց մասնագիտությունների) սովորողների ընթացիկ կամ ամփոփիչ ատեստավորման կարգը հաստատելու մասին։ Կարգն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում է կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայի գործողությունը կասեցված կամ դադարեցված բարձրագույն ուսումնական հաստատությունների (կամ դրանց մասնագիտությունների) սովորողների (այսուհետ` սովորող) ընթացիկ կամ ամփոփիչ ատեստավորման ընդհանուր պայմանները:

2. Սովորողների ընթացիկ կամ ամփոփիչ ատեստավորումը կարող է կազմակերպվել հավատարմագրում ունեցող պետական կամ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում (մասնագիտություններում):

II. ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

3. Բարձրագույն ուսումնական հաստատության (այսուհետ` հաստատություն) կամ դրա մասնագիտության (կրթական ծրագրի) լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանն ուժի մեջ մտնելուց` 5 աշխատանքային օրվա ընթացքում, տվյալ հաստատության կողմից պարտադիր կերպով սովորողին տրվում է ազատման հրամանի պատճենը, հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը, ակադեմիական տեղեկանքը և միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական վկայականը, եթե սովորողը կատարել է հաստատության նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները (այդ թվում՝ ուսման վարձի մասով):

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մինչև տվյալ տարվա հունվարի 20-ը հաստատում է այն հաստատությունների ցանկը, որոնցում կարող է կազմակերպվել սովորողների հետագա ուսումնառությունը, ինչպես նաև ընթացիկ կամ ամփոփիչ ատեստավորումը:

5. Սովորողը փաստաթղթերը ստանալուց հետո` ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, սույն կարգի 3-րդ կետում նշված փաստաթղթերի պատճենների հետ միասին, տվյալ կիսամյակում իր հետագա ուսումնառության կազմակերպման համար կարող է դիմել տվյալ կամ հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով) ուսուցում իրականացնող նախընտրելի մինչև երկու հաստատություն՝ ըստ հաստատված ցանկի, նշելով համապատասխան բուհի տվյալ և նախընտրելի մինչև երկու հարակից մասնագիտություն (կրթական ծրագիր), առաջին հայտի գերակայությամբ: Սույն կարգի 9-11-րդ կետերի պահանջներին համապատասխան երկու հաստատությունում ուսումնառության շարունակման հնարավորության դեպքում՝ սովորողը մինչև սույն կարգի 7-րդ կետով սահմանված վերջնաժամկետը պետք է ընտրի մեկ հաստատություն (կրթական ծրագիր), որով ցանկանում է շարունակել հետագա ուսումնառությունը:

6. Տվյալ կիսամյակում սովորողը հետագա ուսումնառության շարունակման համար 5-րդ կետով նախատեսված ժամկետներում չդիմելու դեպքում, հաջորդ ուսումնական տարվա կամ կիսամյակի ընթացքում սովորողի կրթության կազմակերպումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի նոյեմբերի 17-ի N 1242-Ն հրամանով հաստատված կարգի պահանջներով:

7. Հաստատությունը դիմումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում է համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) սովորողի ուսումնառության կազմակերպման մասին դիմումը` առաջնորդվելով սույն կարգի 9-11-րդ կետերի պահանջներով, և համապատասխանաբար որոշում նրա ընդունման կուրսը (ըստ սովորողի դիմումում նշված ուսուցման ձևի` առկա կամ հեռակա) կամ մերժում սովորողին: Դիմումները ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան հաստատությունները նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն` սովորողի ուսումնառության կազմակերպման կամ սովորողին մերժելու հիմքերի մասին:

8. Տվյալ հաստատությունում սովորողի ուսումնական գործընթացի կազմակերպման հիմքը տվյալ ուսումնական տարվա համար ըստ ուսուցման ձևերի հաստատված համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պլանն ու առարկայական ծրագրերն են:

9. Ուսումնական տարվա տվյալ կիսամյակում սովորողի համապատասխան մասնագիտությամբ (կրթական ծրագրով) և կուրսում ուսումնառության կազմակերպման հնարավորությունն որոշվում է ընդունող հաստատության կողմից, տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի շրջանակներում ու ելնելով առաջացող առարկայական տարբերությունների (կրեդիտների, մոդուլների) և ակադեմիական պարտքերի սահմանված քանակը չգերազանցելու պայմանից:

10. Տվյալ կուրսի համապատասխան կիսամյակի համար սովորողի ուսումնառած հաստատության համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պլանում չընդգրկված առարկայի կամ որևէ առարկայից կրեդիտների մեկ երրորդից ավելի տարբերությամբ պայմանավորված առարկայական (ծրագրային) տարբերությունների և ակադեմիական պարտքերի 30 կրեդիտը չգերազանցելու դեպքում, սովորողը հաստատության ռեկտորի հրամանով կցագրվում է համապատասխան ակադեմիական խմբին և նրան թույլատրվում է մասնակցելու տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) ուսումնական պարապմունքներին: Հակառակ դեպքում սովորողին առաջարկվում է իր ուսումնառությունը շարունակել ավելի ցածր այն կիսամյակից, որից ուսումնառության շարունակման սույն կետում նշված պահանջը բավարարվում է:

11. Տվյալ մասնագիտությամբ (կրթական ծրագրով) համապատասխան կուրսի բացակայության դեպքում՝ հաստատության առաջարկությամբ և սովորողի համաձայնությամբ, սովորողի ուսումնառությունը կարող է կազմակերպվել հարակից մասնագիտությամբ (կրթական ծրագրով), իսկ վերջինիս բացակայության պարագայում՝ այլ մասնագիտությամբ (կրթական ծրագրով)՝ անկախ տվյալ մասնագիտության (կրթական ծրագրի) համար լիցենզիայով սահմանված տեղերի քանակից:

12. Սովորողի կողմից առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի հանձնման համար հաստատության ռեկտորի հրամանով սահմանվում է ժամկետ, մինչև տվյալ ուսումնական կիսամյակի քննաշրջանի սկիզբը, հրամանում նշելով առարկայական տարբերությունների և ակադեմիական պարտքերի ցանկը, առարկաների կրեդիտները և քննությունների հանձնման անհատական ժամանակացույցը: Ընդունող հաստատության կողմից սահմանված անհատական ժամանակացույցով նախատեսված առարկայական տարբերությունները և ակադեմիական պարտքերը հանձնելուց (առավելագույնը մեկ վերահանձնման հնարավորությամբ) հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, սովորողը հրամանագրվում է տվյալ հաստատությունում:

13. Հրամանագրված ուսանողի դիմումը, ակադեմիական տեղեկանքը, հրամանագրման մասին հրամանի պատճենը, տվյալ հաստատության հետ կնքած պայմանագիրը, միջնակարգ կամ միջին մասնագիտական կրթության ավարտական փաստաթուղթը և ուսման վարձավճարի վճարման անդորրագրի պատճեն պահվում են նրա անձնական գործում:

14. Հաստատությունում սովորողի հրամանագրման դեպքում նրա ուսման վարձի չափը հաշվարկվում է տվյալ հաստատության համապատասխան ուսուցման ձևի և մասնագիտության (կրթական ծրագրի) համար ըստ դասընթացների ընդհանուր գումարային կրեդիտների քանակի, հաշվի առնելով տվյալ հաստատությունում համապատասխան մասնագիտության (կրթական ծրագրի) համար տվյալ կուրսում սահմանված մեկ կրեդիտի արժեքը:

15. Վճարովի ուսուցման համակարգում սովորողի հրամանագրումը կատարվում է միայն անհրաժեշտ վճարումները կատարելուց հետո, հաստատության կողմից սահմանած կարգով և ժամկետներում: Սովորողն ազատվում է նախկինում կրեդիտներ հավաքած առարկաների ուսումնական պարապմունքներից և ատեստավորումից: Սովորողը պարտավոր է վճարել միայն այն առարկայական դասընթացների (մոդուլների) համար, որոնք ուսումնառելու է:

16. Վճարովի ուսուցման համակարգով սովորողը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն մասնակցել փոխատեղման գործընթացին՝ առնվազն մեկ ուսումնական տարի սովորելուց հետո: Ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ ուսումնառությունը կարող են շարունակել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգավիճակ ունեցողները:

17. Նախորդ հաստատությունում մինչև կասեցումը կամ դադարեցումն ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ սովորողն այլ հաստատությունում ուսումնառությունը շարունակելիս պահպանում է այդ իրավունքը՝ մինչ 16-րդ կետով նախատեսված կարգի համաձայն փոխատեղման գործընթացին մասնակցելը: Մնացած դեպքերում սովորողն ուսումնառությունը շարունակում է սույն կարգի 14-16-րդ կետերին համապատասխան:

III. ՍՈՎՈՐՈՂԻ ԱՄՓՈՓԻՉ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

18. Տվյալ մասնագիտության (կրթական ծրագրով) ուսուցման լրիվ դասընթացն ավարտած և ուսումնական ծրագրով (պլանով) նախատեսված անհրաժեշտ համապատասխան կրեդիտները կուտակած և միայն ամփոփիչ ատեստավորման ենթակա սովորողների ամփոփիչ ատեստավորումը կարող է կազմակերպվել տվյալ կամ հաջորդ ուսումնական տարվա ավարտին՝ հաստատության սահմանած կարգով և ժամկետներում:

19. Ամփոփիչ ատեստավորման նպատակով սովորողը կցվում է համապատասխան ամբիոնին և ստանում ավարտական աշխատանքի կամ մագիստրոսական թեզի նոր թեմա, եթե սովորողի նախկին ավարտական աշխատանքը կամ մագիստրոսական թեզը ամբիոնի կողմից պաշտպանության չի երաշխավորվում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել