ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Արցախի ընտրությունները մեծ կարևորություն ունեն երեք տեսանկյունից՝ մարդու իրավունքների, տարածաշրջանային անվտանգության և խաղաղ գործընթացի տեսանկյուններից: Արցախի ընտրություններով իրականացվում է հանրային կյանքը կառավարելու Արցախի ժողովրդի մարդու իրավունքը: Ընտրված իշխանություններն Արցախում շարունակելու են ապահովել Արցախի ժողովրդի համապարփակ անվտանգությունը:
Բնականաբար, Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության երաշխավորը: Եվ ի վերջո, Արցախի ընտրված իշխանությունները պետք է ստանան, ունենան Արցախի ժողովրդի մանդատը՝ ներկայացնելու վերջիններիս բանակցային գործընթացում:
Այս առումով ընտրություններն առավել քան կարևոր են: Արցախի իշխանություններն իրենց որոշումն ընդունել են՝ հաշվարկելով բոլոր հնարավոր ռիսկերը:
Այո՛, ճիշտ եք նշում, ափսոս, որ դիտորդների առաքելությունը խափանվեց կորոնավիրուսի պատճառով, բայց ի վերջո ընտրություններն Արցախի ժողովուրդն իրականացնում է իր, և ոչ թե՝ դիտորդների համար:
Արցախի իշխանություններն ընդունեցին այդ որոշումը, և մենք հարգում ենք այդ որոշումը»: