Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար զրույց է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ:
Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Լաքոտն անդրադարձել են նոր կորանավիրուսի համավարակի հետևանքով աշխարհում, այդ թվում՝ երկու երկրներում ստեղծված իրավիճակին, Հայաստանում և Ֆրանսիայում համավարակի տարածման կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նրանք մտքեր են փոխանակել նաև նոր կորոնավիրուսի վարակի տարածման հետևանքով տնտեսությանը հասցվող հսկայական վնասների, դրանց նվազեցման, տնտեսության վերականգնման, սոցիալական բեռի թեթևացման, աշխատաշուկայի խնդիրների լուծմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների մասին: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում:
Զրուցակիցներն ընդգծել են ներկայիս գլոբալ ճգնաժամի հաղթահարման հարցում ուժերի համախմբման, փորձի փոխանակման կարևորությունը՝ նշելով, որ արդյունավետ համագործակցության և համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հասնել անհրաժեշտ արդյունքի:
Նախագահ Սարգսյանը խնդրել է նաև իր ողջույններն ու զորակցությունը փոխանցել Ֆրանսիայի նախագահ, իր բարեկամ Էմանուել Մակրոնին: