Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրել է վերջին շրջանում համացանցում տարածված վայրի, այդ թվում՝ նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների, նրանց ձագերի, խրտվիլակների, որսի արգասիքների (միս, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաև որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր՝ ժանիքներ, եղջյուրներ և այլն) վաճառքի վերաբերյալ հրապարակումներն ու հայտարարությունները և իրավախախտման բոլոր դեպքերով դիմել ՀՀ ոստիկանություն՝ գործերի հետագա ընթացքն ապահովելու, իրավախախտներին հայտնաբերելու ու օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար:
Տեղեկացնենք, որ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Որսորդն իրավունք ունի տնօրինելու իր հայթայթած որսի կենդանիները և արգասիքները»։
Այդուհանդերձ՝ առաջին հերթին որսորդը պետք է ունենա որսի իրավունքը հաստատող փաստաթուղթ (արտոնագիր, կամ ուղեգիր), կամ պետք է հիմնավորի կենդանու կամ նրա արգասիքների ձեռք բերման օրինականությունը, այլապես այն կհամարվի հակաօրինական գործունեություն և կկիրառվեն համապատասխան վարչական, կամ քրեական պատասխանատվության միջոցներ։
Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2019 թվականի օգոստոսի 20-ի թիվ 279-Ն հրամանի՝ սիրողական որսաշրջանն ավարտվել է 2020 թվականի փետրվարի 29-ին:
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շարունակում է հետամուտ լինել 2007 թվականի ապրիլի 9-ի «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2009 թվականի հունվարի 15-ի «Որսի կանոնները հաստատելու մասին» թիվ 9-Ն հրամանի և բնագավառին վերաբերող բոլոր օրենքների պահանջների կատարմանը։
Կոչ ենք անում զերծ մնալ անօրինական գործողություններից և պահպանել կենդանական աշխարհը։
Շնորհակալություն ենք հայտնում կենդանական աշխարհի պահպանությամբ մտահոգ քաղաքացիներին և բնապահպաններին՝ սերտ համագործակցության համար: