Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Հեռավարը՝ Սփյուռքի համար
Ինչպես և նախօրեին հայտարարել էի, մենք մեր նյութերն ու հարթակաները հասանելի ենք դարձնում նաև Սփյուռքում մեր հայրենակիցների համար:
Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով տարբեր երկրներում հայտարարված արտակարգ դրության պայմաններում առաջացած իրավիճակում մեր սփյուռքահայ հայրենակիցների կրթական գործընթացի շարունակականությունը հնարավորինս ապահովելու նպատակով ԿԳՄՍ նախարարության յութուբի (https://www.youtube.com/user/armeduchannel) ալիքում տեղադրվել են հայագիտական առարկաների տեսադասեր՝ «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից` https://bit.ly/34m1Wtm
Բացի այդ, ԿԳՄՍՆ-ի գործարկած հեռավար կրթության ռեսուրսների համալիր էջում (heravar.armedu.am) ևս առկա են առցանց ռեսուրսներ և գործիքներ, մասնավորապես, Tumanyan.Online առցանց դպրոցը՝ https://armenian-language.org/, որի միջոցով մեր սփյուռքահայ հայրենակիցների երեխաները կարող են սովորել հայոց լեզու, այդ թվում՝ օտար լեզվով։
Վերոնշյալ էջում տեղադրված է նաև ՀԲԸՄ հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) գործարկած առցանց կրթության հարթակը, որտեղ տեղադրված է հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ տեղեկատվություն՝ լեզու, պատմություն, կրոն, ճարտարապետություն, խոհանոց, շախմատ: Ինտերակտիվ բովանդակության հիմքում ՀՎՀ-ի մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերն են, առցանց դասընթացները և վիրտուալ այցելությունները, որոնք ներկայացված են յոթ լեզուներով՝ արևելահայերեն և արևմտահայերեն, անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, իսպաներեն և թուրքերեն: Կրթական հարթակը նաև լավ հնարավորություն է ամենօրյա ինտերակտիվ հանդիպումների և առցանց հաղորդակցության համար: Կրթական ինքնուսույց նյութերից բացի ՀՎՀ-ի կրթահարթակում կազմակերպվում են նաև վիրտուալ այցելություններ դեպի պատմական և մշակութային վայրեր Հայաստանում և սփյուռքում: ՀՎՀ-ի ինտերակտիվ առցանց կրթական հարթակը հասանելի է անվճար www.avc-agbu.org կայքում, ինչպես նաև ՀՎՀ-ի սոցիալական ցանցերում:
Բազմաթիվ հայագիտական նյութեր հասանելի են նաև Հայկական կրթական միջավայրի «Պաշարների շտեմարանում»»։