Կայացավ դատաիրավական բարեփոխումներին նվիրված հանրապետական գիտաժողովի բանավոր փուլը

2020 թվականի ապրիլի 8-ին կայացավ «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի և «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հայաստանի դատաիրավական բարեփոխումները. հիմնական առաջնահերթությունները և մարտահրավերները» թեմայով հանրապետական գիտաժողովի բանավոր փուլը: Գիտաժողովը անցկացվել է 2 փուլով՝ գրավոր և բանավոր։ Գրավոր փուլում առավելագույն միավորներ հավաքած զեկույցների հեղինակները հրավիրվեցին մասնակցելու բանավոր փուլին, որտեղ ներկայացրին իրենց աշխատանքները և պատասխանեցին ժյուրիի անդամների՝ դատավորների հարցերին։

Գիտաժողովի բանավոր փուլի դատավորներն էին՝ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող Կարեն Զադոյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի նախագահ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը, փաստաբաններ Արտաշես Խալաթյանն ու Արփինե Եղիկյանը:
Գիտաժողովի մասնակիցների զեկույցները համահունչ էին Հայաստանում ներկայումս ընթացող դատաիրավական համակարգի բարեփոխումներին և ներառել են հետևյալ թեմաները՝ սահմանադրական բարեփոխումները և սահմանադրական կայունությունը, սահմանադրական բարեփոխումների անցկացման հիմնական առաջնահերթություններն ու մարտահրավերները, ՀՀ դատական համակարգում դատավորի գործունեությունը և բարեփոխումների անհրաժեշտությունը:
Գիտաժողովի գրավոր և բանավոր փուլերի արդյունքներով գիտաժողովի երրորդ տեղն է զբաղեցրել Հայ-Ռուսական համալսարանի ուսանող Մարիամ Կարապետյանը, երկրորդ տեղը` Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ Վիկտորյա Հակոբջանյանը, առաջին տեղը` Հայաստանում Եվրոպական համալսարանի (նախկինում՝ Եվրապական տարածաշրջանային կրթական ակադեմիա) իրավագիտության ֆակուլտետի ուսանող Լևոն Խաչատրյանը:
Գիտաժողովի կազմակերպիչները շնորհակալություն են հայտնում բոլոր մասնակիցներին, ինչպեսև աջակիցներին։ Մասնավորապես՝ «Բուկինիստ» գրատանը, որը տրամադրել է առաջին տեղի համար նախատեսված մրցանակը, և «Այբ Բեն Գիմ» գրատանը, որը Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետ համատեղ տրամադրել է երկրորդ և երրորդ տեղերի համար հատկացված մրցանակները:
Գիտաժողովի բոլոր մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել