ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն է ուղարկել մշտադիտարման արդյունքում արձանագրված ԶԼՄ-ների հրապարակումները, դրանցում ներկայացվող տեսանյութերը ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնում քաղաքացու նկատմամբ բռնությունների հնարավոր գործադրման վերաբերյալ, ինչպես նաև դեպքի կապակցությամբ քաղաքացուց ստացված հաղորդումը և կից փաստաթղթերը:
Այս մասին հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Բացի այդ, մի քանի քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել նաև Ոստիկանության Սիսիանի բաժին բերման ենթարկելու և ոստիկանության բաժնում գտնվելու ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու վերաբերյալ: Այդ մասին հրապարակումներ են եղել նաև մի քանի լրատվամիջոցներում: Դրանք ևս ուղարկվել են ՀՀ ՀՔԾ՝ նյութերի նախապատրաստման շրջանակներում ստուգելու և ընթացքը լուծելու նպատակով»,-նշում է նա: