Ոսկևանի գնդակոծության հետևանքով վիրավորված երեխայի մասին նամակ կուղարիվի միջազգային կառույցներին. ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է ահազանգ այն մասին, որ այսօր 19:00-ի սահմաններում Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում ադրբեջանական կողմի գնդակոծման հետևանքով վիրավորում է ստացել 14-ամյա երեխա։

Համապատասխան հրապարակումներ են առկա նաև զանգվածային լրատվության միջոցներում: Այս մասին պաշտոնական հայտարարություն է արել նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը:Ըստ պաշտոնական տեղեկատվության` հայկական կողմից նաև վիրավորում է ստացել երկու զինծառայող:Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կապ է հաստատել ինչպես Ոսկեվանի, այնպես էլ Նոյեմբերյանի խոշորացված համայնքի ղեկավարի հետ: Քննարկվել է առկա վիճակը, ստացվել են դեպքին առնչվող անհրաժեշտ տեղեկություններ:Նախնական տվյալներով 14-ամյա դպրոցականը վիրավորվել է կրծքավանդակի շրջանում՝ Ոսկեվան գյուղը թիրախավորած ադրբեջանական զինուժի գնդակոծման հետևանքով:Երեխան գտնվում է բժշկական անմիջական հսկողության տակ, նրա կյանքին վտանգ չի սպառնում:Առաջիկայում կամփոփվեն դեպքին առնչվող, ինչպես նաև վերջին շրջանում քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կողմից գնդակոծության դեպքերի մասին բոլոր տվյալները:Հաշվի առնելով «Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության մշտադիտարկում իրականացնելու մանդատը՝ Մարդու իրավունքների պաշտպանն իր ամփոփած տեղեկությունները հատուկ նամակով կուղարկի մարդու իրավունքների ոլորտի միջազգային կառույցներին:

Այս մասին հայնում է ՄԻՊ-ից:

Հիշեցնենք, որ մարտի 30-ին, ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

Հայկական դիրքապահ ուժերի գործողությունների շնորհիվ հակառակորդը հետ է շպրտվել, կորուստների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են: Հայկական կողմը կորուստներ չունի, գործողությունների հետևանքով թեթև վիրավորում է ստացել երկու զինծառայող: Միաժամանակ հակառակորդը թիրախավորել է Բաղանիս և Ոսկևան գյուղերը, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ոսկեվան համայնքի բնակիչ մեկ երեխա, որը այդ պահին գտնվել է պատշգամբում:

Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերի, այս դեպքում՝ սահմանապահ ուժերի՝ պանդեմիայի պայմաններում ձեռնարկած անպատկառ գործողությունները սաստելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են իրավիճակին համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել