Կառավարության արտահերթ նիստին այսօր՝ մարտի 30-ին որոշում ընդունվեց Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումը հաստատելու մասին:
Գործադիրի անդամներին հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
Նա նշեց, որ միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած ՀՀ քաղաքացիներին:
Որոշման համաձայն միջոցառման շահառու են հանդիսանում այն ՀՀ քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել մասնավոր հատվածի գործատուի հետ անընդմեջ առնվազն 2020թ. հունվարի 1–ից մինչև մարտի 13-ը ժամանակահատվածում (կամ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատվելու և կրկին աշխատանքի ընդունվելու ժամանակահատվածը չի գերազանցել 3 աշխատանքային օրը), սակայն ազատվել են աշխատանքից 2020թ. մարտի 13–ից մինչև մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում:
Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով:
«Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝
-
- ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 ՀՀ դրամը,
- ով 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաև այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա,
- 2020 թվականի մարտի 30-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել,
- ով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու է հանդիսացել»,-նշեց Զարուհի Բաթոյանը:
Միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ՊԵԿ ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը: