«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի գործողությունները համաձայնեցված չեն քաղաքային իշխանության հետ․ Երևանի քաղաքապետարան

Համացանցում տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգհործական հիմնադրամի միջոցով ախտահանվում են Երեւան քաղաքի հանրային տարածքները՝ կանգառները, հանրային տրանսպորտի միջոցները, աղբամանները եւ այլն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Տեղեկացնում ենք, որ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի՝ նշված գործողությունները համաձայնեցված չեն քաղաքային իշխանության հետ: Երեւան համայնքի համար ընդունելի է ցանկացած աջակցություն, այդ թվում, հասարակական կազմակերպությունների կողմից: Այնուհանդերձ, հորդորում ենք՝ քաղաքին նման կարգի աջակցություն տրամադրելու մտադրության դեպքում անպայման համաձայնեցնել դրանք քաղաքային իշխանության մարմինների հետ՝ առնվազն աջակցությունը ավելի արդյունավետ դարձնելու եւ անվտանգության նկատառումներով:

Հատկապես արտակարգ դրության ռեժիմի պայմաններում որեւէ ինքնագործունեություն անթույլատրելի է:

Երեւան համայնքի միջոցներով քաղաքապետարանի ենթակայության կազմակերպությունները, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությամբ, ամենօրյա ռեժիմով ախտահանում են հանրային տարածքները, այդ թվում՝ կանգառները, աղբամանները եւ տրանսպորտային միջոցները եւ այլն: Իսկ բազմաբնակարան շենքերի ախտահանումը արվում է գերազանցապես համատիրությունների ուժերով՝ վարչական շրջանների աշխատակազմերի աջակցությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել