ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառածածկ տարածքներում իրականացված ստուգման արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը, որի արդյունքում պարզվել են ապօրինի բազմզաթիվ ծառահատումների դեպքեր, որոնք կատարվել են պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում:
Մասնավորապես ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի՝ 2019թ. օգոստոսին տրված հանձնարարությամբ նույն մարմնի կենսաբազմազանության վերահսկողության վարչության բուսական աշխարհի վերահսկողության բաժնի և Երևանի, Տավուշի, Շիրակի տեսուչները «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ-ի անտառածածկ տարածքներում իրականացրել են ստուգումներ, որը ներառել է 2017թ․ նոյեմբերիից մինչ ստուգման ավարտն ընկած ժամանակահատվածը։
Ստուգման ընթացքում իրականացված մասնակի զննության արդյունքում արձանագրվել է 257 տարբեր տեսակի և տրամաչափի ապօրինի հատված ծառերի կոճղ, որից 92-ը հայտնաբերվել է «Հաղարծին», 54-ը՝ «Շամախյան», 111-ը՝ «Դիլիջան» տեղամասերումում։ Կազմված հաշվեգնահատման ակտերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ նշված ծառերի ապօրինի հատման արդյունքում բնությանը պատճառվել է ավելի քան 28մլն ՀՀ դրամի վնաս։
ՀՀ անտառային օրենսգրքի 26-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն անտառային պետական ծառայության պաշտոնատար անձինք պարտավոր են իրենց իրավասության սահմաններում կանխել անտառային օրենսդրության խախտումները, սահմանված կարգով վարել անտառային օրենսդրության խախտումների վերաբերյալ գործերը, անտառային օրենսդրության խախտումների համար համապատասխան պետական մարմնին միջնորդություն ներկայացնել անձանց վարչական կամ քրեական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև իրենց իրավասության սահմաններում դատարան հայց ներկայացնել անտառային տնտեսությանը հասցված վնասի հատուցման պահանջով: Սակայն «Դիլիջանի ազգային պարկ» ՊՈԱԿ պաշտոնատար անձինք պատշաճ չեն կատարել վերոհիշյալ հոդվածով նախատեսված պարտականությունները, և 2017թ․ նոյեմբերի 25-ից մինչ 2019թ. սեպտեմբերի 30-նն ընկած ժամանակահատվածում ստուգվող տարածքներում որևէ ապօրինի հատված ծառ չեն հայտնաբերել, անտառախախտման վերաբերյալ որևէ արձանագրություն չեն կազմել։
Նկատի ունենալով, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացած ստուգման, ՀՀ գլխավոր դատախազության ուսումնասիրության արդյունքում ձեռք են բերվել պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու արդյունքում անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու հանցավոր արարքների առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի և 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե և ըդնունվել վարույթ, իրականացվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: