Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը մարտի 27-ին նոր որոշում է ստորագրել, որում ասվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ` 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումները՝ համաձայն հավելված N 1-ի:
2. Սահմանել, որ սույն որոշման hավելված N 1-ի համաձայն տնտեսական գործունեության չարգելված տեսակներով թույլատրվում է զբաղվել բացառապես սույն որոշման hավելված N 2-ով սահմանված կանոնների պահպանման, իսկ որևէ կոնկրետ տնտեսական գործունեության տեսակն իրականացնելու համար անձի կամ անձանց անցանց (անմիջական, ֆիզիկապես) ներկայության անխուսափելի անհրաժեշտության դեպքում՝ հետևյալ կանոնների պահպանման պարագայում.
1) Բացառել մարդկանց կուտակումները, իսկ կուտակումներ առաջանալու հավանականության դեպքում ապահովել մարդկանց մուտքի գործընթացի կառավարմանն ուղղված միջոցառումներ՝ սահամանափակելով մարդկանց մուտքը փակ տարածք՝ մինչև ներսում գտնվող մարդկանց որոշակի քանակի դուրս գալը.
2) Առևտրի կետերի վճարման տաղավարների, իսկ անհրաժեշտության դեպքում նաև վաճառքի տաղավարների մոտ առնվազն իրարից մեկ մետր հեռավորությամբ իրականացնել գծանշում՝ հերթերը բացառելու և սոցիալական հեռավորությունն ապահովելու նպատակով.
3) Հավելված N 1-ով չարգելված՝ պարենային և/կամ ոչ պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտները յուրաքանչյուր օր՝ ժամը 10։00-12։00-ը, սպասարկում են միայն կենսաթոշակային տարիքի անձանց՝ միաժամանակ ապահովելով վերջիններիս սպասարկումից առաջ խանութի սրահի ախտահանումը:
3. Պարետի պահանջով և ՀՀ առողջապահության նախարարության պատվերով կամ պահանջով ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման, դրա հետևանքների վերացման կարիքներից ելնելով կամ այլ առանձնահատուկ նպատակներով՝ սույն որոշման hավելված N 1-ի համաձայն արգելված տնտեսական գործունեության տեսակներով զբաղվող առանձին սուբյեկտների կողմից համապատասխան աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը:
4. Սույն որոշման հավելված N 1-ով չարգելված տնտեսական գործունեության որոշ տեսակների համար գործում են հետևյալ սահմանափակումները.
1) Հավելված N 1-ի ցանկի «61»-րդ (հեռահաղորդակցություն) խմբին դասվող տնտեսվարող սուբյեկտները քաղաքացիների սպասարկումն իրականացնում են առցանց կամ հեռավար եղանակով և միայն անհետաձգելի անհրաժեշտությունից ելնելով սպասարկումը կարող է իրականացվել առաքման միջոցով.
2) Հավելված N 1-ի ցանկի «D» (Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում) և «E» (Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում) հատվածներին դասվող տնտեսվարող
սուբյեկտները գործունեությունն իրականացնում են անհրաժեշտ նվազագույն անձնակազմով, անհետաձգելի և վթարային աշխատանքներ իրականացնելու նպատակով, իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանցից հայտերն ընդունվում են բացառապես հեռախոսակապի միջոցով կամ առցանց.
3) Հավելված N 1-ի ցանկի «K» հատվածին (Ֆինանսական և ապահովագրական գործունեություն) դասվող տնտեսվարող սուբյեկտների գործունեությունն իրականացվում է անհրաժեշտ նվազագույն ծավալով՝ կանխիկ դրամաշրջանառությունը ապահովելու և քաղաքացիների ու իրավաբանական անձանց անհետաձգելի կարիքները բավարարելու նպատակով:
5. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին՝ ապահովել սույն որոշման պահանջների հետ կապված տնտեսվարող սուբյեկտներին պարզաբանումներ տալու գործընթացը։
6. ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին՝
4) ապահովել տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն որոշման պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողություն.
5) երկօրյա պարբերականությամբ Պարետի՝ 2020 թվականի մարտի 18-ի Ց/10-2020 ցուցման համապատասխան Պարետին ներկայացնել ամփոփ տեղեկատվություն ընթացիկ իրավիճակի վերաբերյալ:
7. ՀՀ կառավարության անդամներին, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներին, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին (առաջարկությամբ)՝ ապահովել սույն որոշման իրականացումը:
8. Ուժը կորցրած ճանաչել Պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի՝ «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 14 և 2020
թվականի մարտի 25-ի՝ «Պարետի 2020 թվականի մարտի 24-ի N 14 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 17 որոշումները:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին և գործում է մինչև 2020 թվականի մարտի 31-ը ժամը 23:59-ը:»:
Հավելված N 1
Պարետի 2020 թվականի
Մարտի 27-ի N 19 որոշման
ՑԱՆԿ
Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների
(Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչը հաստատելու մասին» (ՏԳՏԴ) N 874-Ն հրամանի հավելվածի)
Հավելված N 2
Պարետի 2020 թվականի
Մարտի 27-ի N 19 որոշման
ՈՒՂԵՑՈՒՅՑ
Կազմակերպություններում նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության
(COVID-19) տարածումը կանխելուն ուղղված միջոցառումների վերաբերյալ
Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ունենալու իրավունքը յուրաքանչյուր աշխատողի սահմանադրական իրավունքն է, որի ապահովման պարտականությունը կրում է գործատուն։ Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) (այսուհետ՝ վարակ) տարածումը կանխելու և աշխատողների համար անվտանգ և առողջության համար անվնաս պայմաններ ապահովելու նպատակով կազմակերպությունների աշխատողների համար աշխատանքի անվտանգ կազմակերպման նպատակով պետք է՝
1. Ապահովել պայմաններ՝ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման (լվացարաններ), չորացման համար:
Աշխատավայրում ապահովել ջրի և օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
2. Ապահովել դիմակների կրումն այն աշխատակիցների կողմից, ովքեր անմիջական շփումներ ունեն հաճախորդների հետ:
3. Ապահովել յուրաքանչյուր 10 աշխատողի հաշվարկով առնվազն մեկ ծորակի առկայություն:
4. Ապահովել փակվող աղբամաններ` օգտագործված դիմակները նետելու համար:
5.Յուրաքանչյուր աշխատակցի ջերմությունը չափել նվազագույնը օրական երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը աշխատակցի աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
6. Սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկեր, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:
7. Ախտահաման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտպարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
8. Ապահովել աշխատատեղերի միմյանցից նվազագույնը 2 մետր հեռավորությունը (համաձայն Առողջապահական համաշխարհային կազմակերպության ցուցումների):
9. Անձնական (դրսի և տնային) և աշխատանքային հագուստի պահպանման համար ապահովել արտահագուստի (սանիտարական հագուստի) համար նախատեսված հանդերձապահարաններ,
10. Հնարավորինս սահմանափակել ներգնա և արտագնա գործուղումները։
11. Հարգելի համարել սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով (թեթև հազ, ջերմության բարձրացում) աշխատակիցների բացակայությունն աշխատանքից, բացառել վերջիններիս մուտքը աշխատավայր, իսկ եթե ախտանիշները ի հայտ են գալիս աշխատանքի ընթացքում՝ անհապաղ հայտնել ՀՀ առողջապահության նախարարություն և ապահովել աշխատակցի մեկուսացումը։
12. Աշխատավայրում վիրուսով ախտահարված աշխատակից ունենալու մասին տեղեկատվություն ստանալու դեպքում անհապաղ առանձնացնել այն անձանց շրջանակը, ովքեր շփում են ունեցել վարակակիր անձի հետ և հայտնել ՀՀ առողջապահության նախարարությանը։
13. Աշխատավայրում վարակի կասկածով աշխատակից ունենալու դեպքում զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ, հնարավորության դեպքում անմիջապես ախտահանել այն տարածքը, որտեղ աշխատել է աշխատակիցը, ինչպես նաև ցանկացած այլ տարածք և մակերես, որը կարող էր հասանելի լինել տվյալ աշխատակցին։
14. Անհրաժեշտության դեպքում ապահովել մեկուսացված անձանց հեռավար աշխատանքի հնարավորությունը:
Աշխատանքի կազմակերպումը
1.Ապահովել միաժամանակ աշխատատեղում գտնվող մարդկանց քանակը նվազեցնելուն ուղղված ճկուն աշխատանքային պայմաններ բազմազավակ մայրերի, 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ կամ այլ խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց, հիվանդներին և երեխաներին խնամող աշխատակիցների համար։
2. Աշխատավայրում հիվանդության կասկածի պարագայում վարակին ոչ բնորոշ ախտանշանների դեպքում հրահանգել աշխատակցին անհապաղ անցնել տնից աշխատանքի ռեժիմի, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա պարզապես հրահանգել աշխատակցին լքել աշխատանքի վայրը:
3. Ներդնել անհրաժեշտ մեխանիզմներ աշխատանքը տնից կազմակերպելու համար՝ ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով աշխատանքի դիմաց վարձատրությունն այն բոլոր դեպքերի համար, երբ կատարված աշխատանքի որակին և ժամկետներին ներկայացվող պահանջները պահպանված են։
4. Իրազեկել աշխատակիցներին անվտանգ վարվելաձևի վերաբերյալ, մասնավորապես.
1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,
2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ ձեռքով),
3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,
4) հաճախակի լվալ ձեռքերը օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,
5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ)
6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,
7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ` պահպանելով առնվազն 2 մետր հեռավորություն,
Աշխատանքային օրվա մեկնարկին և ավարտին ախտահանել սեղանը, համակարգիչը, հաճախակի օգտագործվող այլ պարագաները։ Յուրաքանչյուր աշխատակցի համար դիտարկել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն սահմանելու անհրաժեշտությունը։
Աշխատակիցների իրազեկման տեղեկատվական թերթիկ
1. Ի՞նչ է վիրուսը
Կորոնավիրուսները կարող են առաջացնել ինչպես թեթև (սուր շնչառական վարակ, հարբուխ), այնպես էլ ծանր ընթացքով հիվանդություններ, օրինակ՝ Ծանր սուր շնչառական համախտանիշ (SARS) և Մերձավոր Արևելքի շնչառական համախտանիշ (MERS): Վիրուսը կոչվում է «Նոր», քանի որ այն նոր է հայտնաբերվել: Հավանական է, որ վիրուսն ունի կենդանական ծագում, և այժմ կան ապացույցներ, որ այն կարող է փոխանցվել մարդուց մարդ:
2. Որո՞նք են ախտանշանները
Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում) բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն:
3. Ինչպե՞ս է տարածվում վիրուսը
Վիրուսը տարածվում է մարդուց մարդ.
1) Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:
2) Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով: Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:
4. Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար
Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ Կորոնավիրուսային հիվանդությամբ անապահով երկրներից վերադարձած ճանախարհորդների և Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:
5. Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում
Վարակված անձանց մի մասը կարող են չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ այն կարող է ընթանալ շատ մեղմ և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:
Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.
1) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ)
2) Մեծահասակներ՝ 70 տարեկան և բարձր
3) Քրոնիկ հիվանդություններով անձինք
4) Մանկահասակ երեխաներ և նորածիններ»: