3 զինծառայողի մոտ կորոնավիրուս է հաստատվել, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ. Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պարզաբանումը կորոնավիրուսի վերաբերյալ.

«Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ:

Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են և առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Ելնելով համաճարակաբանական հետազոտությունների տվյալներից, նշված զինծառայողները նախապես եղել են մեկուսացված, ինչը զգալիորեն նվազեցրել է վարակի հետագա տարածման ռիսկերը։

Զինծառայողներն այժմ հոսպիտալացված են, նրանց առողջական վիճակը բավարար է, որևէ մեկի մոտ թոքաբորբ չի արձանագրվել։ Զինծառայողներից մեկի մոտ առկա է ջերմության թույլ բարձրացում, իսկ երկուսը չունեն ջերմություն և հիվանդությանը բնորոշ այլ ախտանիշներ:

Հավաստիացնում եմ, որ կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ և արդյունավետ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Միաժամանակ պարզված է զինծառայողների շփումների ամբողջ շրջանակը։ Սերտ շփում ունեցածներն ու հավանական կոնտակտավորները մեկուսացված են նախապես նախորոշված առանձնացված տարածքներում։ Նրանց նկատմամբ նույնպես սահմանված է ամենօրյա խիստ հսկողություն և ապահովված են անհրաժեշտ պայմանները։

Վիրուսի առկայության թեստավորման նպատակով ևս 32 զինծառայողից կատարվել է նմուշառում:
Տվյալ զորամասում, որը տեղակայված է առաջնագծից զգալի հեռավորության վրա, հայտարարված է զորանոցային դրություն, ձեռնարկված են ամենախիստ հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է բժշկական մշտադիտարկում։

Միաժամանակ հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել, որ Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով որևէ դեպք չի արձանագրվել:

ՀՀ զինված ուժերում շարունակվում են ձեռնարկված լայնածավալ կանխարգելիչ միջոցառումները: Բոլոր զորամասերում կիրառվում են խիստ սահմանափակումներ վարակի ներթափանցումը կանխելու ուղղությամբ, սահմանված է ամենօրյա վերահսկողություն զինծառայողների առողջական վիճակի նկատմամբ: Վերջին մեկ ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացվող համալիր հակահամաճարակային միջոցառումների և կիրառվող խիստ սահմանափակուների արդյունքում շեշտակի նվազել է ոչ պակաս վտանգավոր այլ վարակիչ հիվանդությունների քանակը, ինչը միանշանակ վկայում է իրականացվող միջոցառումների արդյունավետության մասին:

Մասնավորապես, նախորդ տարիների նույն ժամանակահատվածի համեմատությամբ, «սուր շնչառական հիվանդություններով», «ջրծաղիկով», «անգինայով» հիվանդացությունները նվազել են 4 անգամ, իսկ աղիքային վարակով հիվանդներ ներկայումս ԶՈՒ անձնակազմի շրջանում ընդհանրապես չկան:

Հատկանշական է, որ վերջին տարիներին 5 անգամ նվազել է «թոքաբորբով» հիվանդացությունը, իսկ ծանր ընթացքով «թոքաբորբերի» քանակը՝ 10 անգամ, ատիպիկ ընթացքով և մահվան ելքով «թոքաբորբեր» զինված ուժերում չեն արձանագրվել:

Վստահ եմ, որ այս ճակատում ևս կհաջողենք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել