Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը: Սա էլ այն դեպքում, երբ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ոչ բոլոր աշխատակիցների աշխատավայրում ֆիզիկապես ներկայության:
Ինքս անձամբ, ինչպես նաև իմ աշխատակազմն առավելագույն հնարավորություններով է աշխատում՝ շուրջօրյա սկզբունքով 24 ժամ:
Օրվա ընթացքում մեզ ուղղվող հարցերը բազմաթիվ են՝ 1) Հայաստան մուտք գործելու կամ երկրից մեկնելու խնդիրներ, 2) աշխատավարձեր ստանալ-չստանալու հարցեր, 3) արձակուրդի հարցեր, 4) փակ հաստատություններում մարդու իրավունքներ (ՔԿՀ-ներ, հոգեբուժարաններ և այլն), 5) մեկուսացման կամ ինքնամեկուսացման պատճառով կոմունալ ծառայությունների (ջուր, գազ ու էլ. էներգիա) համար վճարելու հնարավորությունից զրկված անձանց բողոքներ ու դադարեցված մատակարարումների վերականգնում և այլն: Օրենսդրական ակտերի կատարելագործման աշխատանքները նույնպես լայն թափով իրականացվում են:
Հատուկ պետք է նշեմ, որ ինքս մշտական կապի մեջ եմ ՀՀ պարետի հետ, իսկ աշխատակազմս արդյունավետ աշխատում է պարետատան հետ: Մյուս մարմինների հետ նույնպես անընդհատ կապ է պահպանվում:
Վաղ առավոտից սկսած մեր կատարած աշխատանքներն արդեն կլուսաբանենք առավել մանրամասն»: