Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղի եթերի ժամանակ նշել է, որ հեռավար կրթության հարթակները բավականին լավ են օգտագործում, իսկ նախաձեռնությունը մեծ ներգրավվածություն ունի։
Նախարարը նշել է նաև հեռավար կրթության բացերի մասին, մասնավորապես՝ երեխաների համակարգիչներ չունենալու, ինտերնետ կապի անհասանելիության մասին։
«Ծնողներից էլ ենք ստանում որոշ դիտարկումներ, որ աշակերտների համար դժվարություններ կան, նյութերը շատ են»,-այս մասին ասել է Արայիկ Հարությունյանը և հորդորել ուսուցիչներին մի փոքր քչացնել նյութերի ծավալները,-«Ծավալների փոքրացման մասին կխոսենք ծնողների, տնօրենների, ուսուցիչների հետ։ Մենք ամբողջությամբ վստահում ենք ուսուցիչներին»։
Նախարարը կոչ արեց ուսուցիչներին լրացնել էլեկտրոնային մատյանները։
Էլեկտրոնային մատյանում արդեն իսկ ստեղծված են բոլոր դպրոցները՝ առանձին դասարաններով, դասարաններին կից ուսուցիչներով: Էլեկտրոնային մատյանը հնարավորություն կտա ավելի արդյունավետ և տեսանելի դարձնել հեռավար ուսուցման ուղղությամբ դպրոցների և ուսուցիչների իրականացրած քայլերը, գործընթացը կդարձնի ավելի համակարգված։
«Բացի էլեկտրոնային մատյանից այլ մատյաններ լրացնել անհրաժեշտ չէ»,-նշեց նախարարը։
Արայիկ Հարությունյանը նաև ասել է, որ հնարավոր է դպրոցներում առկա համակարգիչները տրամադրվեն ուսուցիչներին՝ տեխնիկապես նրանց ապահովելու համար։
«Մենք վստահ չեմ, որ 100 տոկոսով, բայց փորձելու ենք առավելագույնս լուծել հեռավար ուսուցումը կայացնելու, մեր աշակերտներին և ուսուցիչներին սարքերով ապահովելու համար»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում